Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել է շեքսպիրյան ժամանակներից պահպանված առայժմ միակ բեմը

10.11.2023


Անգլիական Նորֆոլք կոմսության Քինգս֊Լինն քաղաքում գտնվող Սուրբ Գևորգի անունը կրող միջնադարյան վարչական շենքում (քաղաքապետարանում) օրերս հայտնաբերել են շեքսպիրյան ժամանակներից պահպանված միակ բնօրինակ թատերական բեմահարթակը։ Այդ մասին «The Times» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Միջնադարից մեր օրեր հասած բեմը պատրաստված է կաղնե փայտից։ Այն Բրիտանիայում ամենահինը համարվող վարչական շենքում բացահայտվել է վերականգնման աշխատանքների ժամանակ։ Հին բեմը ծածկված է եղել անհամեմատ ավելի նոր՝ 1950֊ական թվականներին և 17-րդ (կամ 19֊րդ) դարերին տեղադրված երկշերտ փայտե տախտակներով։

Շեքսպիրյան ժամանակների հարթակի կաղնե տախտակները լայն են և թվագրվում են 1417 և 1439 թվականներով։ Դա հաստատվում է դրանց դասավորման տեխնիկայի յուրահատկությամբ և փայտանյութի փորձաքննությամբ։

Քաղաքապետարանը կառուցվել է 15֊րդ դարի սկզբին։ Այն նախ ծառայել է որպես կրոնական ժողովատեղի, իսկ հետո վերածվել է թատրոնի։ Ենթադրվում է, որ Շեքսպիրը հանդես է եկել Քինգս֊Լիննում 1593 թ․֊ին, երբ Լոնդոնում թատրոնները փակվել են ժանտախտի պատճառով և դրամատուրգը իր թատերախմբի հետ մեկնել է հյուրախաղերի։ Հաստատության հաշվապահական գրքերում պահպանվել են ելույթի համար դրամատուրգ֊արտիստին հոնորար վճարելու փաստաթղթերը։

Շեքսպիրի դրամատուրգիան այսօր հանդիսանում է համաշխարհային թատերական խաղացանկի հիմքը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 365 անգամ