Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոն Ժուանը պեչորինների, օնեգինների,չադսկիների կողքին՝ ֆրանսիական հարթակում

11.03.2023


Ֆրանս֊ռուսական մշակութային տիրույթում հայտնի խորեոգրաֆ Պոլինա Ռեբելը Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն֊Բրիս֊սու֊Ֆորե քաղաքի «Sylvie Monfort» թատրոնում ներկայացրել է Մոլիերի հայտնի կոմեդիայի իր ընթերցումը՝ «Դոն Ժուան Ռեֆլեքսիա»վերնագրով, որը դիտարկվում է որպես թատերական հասարակությանը մատուցված դասական ստեղծագործության նոր մեկնաբանություն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։

Բեմադրությունը անսովոր է եղել ինչպես ձևով, այնպես էլ ասելիքով։ Ռեբելը առաջարկել է երաժշտական ներկայացում, որը հիմնված է ժամանակակից պարի և համր (ոչ վերբալ) հաղորդակցության վրա։

Այս բեմադրությամբ խորեոգրաֆը սիրո ազատության և դրա կործանարար հետևանքների դասական հարցադրումը տեղափոխում է մարդու բաց և անկեղծ դիրքորոշումն արտահայտելու և այդպիսի վարքի հետևանքների ուղղություն՝ մասնավորապես ժամանակակից ռուսական իրականության պայմաններում։

Մոլիերի մոտ, ենթարկվելով սեփական պոռթքումներին, էգոիստ և գայթակղիչ Դոն Ժուանը գործում է՝ հակադրվելով իր ժամանակի բարոյական սկզբունքներին։ Նրա գործողությունները բարկացնում են հասարակությանը, վիրավորում են շրջապատի մարդկանց։ «Դոն Ժուան Ռեֆլեքսիա» բեմադրության մեջ շեշտը դրվում է այն բանի վրա, որ յուրաքանչյուր հրապուրանք հերոսը վերապրում է անկեղծ, խորությամբ։ Եվ, չնայած շրջապատող աշխարհի հետ ունեցած կոնֆլիկտին և ամեն ինչ ողբերգական ավարտի հասցնելու սպառնալիքին, նա մնում է ինքն իր կատարած ընտրությանը և հանդիպումների ժամանակ վերապրածներին հավատարիմ։

Պոլինա Ռեբելը բացատրում է, որ իր բեմադրությունը ներկայացնում է հերոսի ռեֆլեքսիան, որը պետք է կատարի ընտրություն սեփական անձի մեջ եղած ճշմարտության և այլընտրանքի՝ «հասարակությանը հարմարվելու» միջև։

Անձնական ընտրության հարցադրումը խորեոգրաֆի համար կապված է այսօրվա իրավիճակի հետ։ «Ազնիվ, ուղիղ ճանապարհի ընտրությունը հաճախ շատ է վիրավորում շրջապատի մարդկանց,֊ ասում է նա։ ֊ Մեր Դոն Ժուանը միշտ եղել է ուղղագիծ, որի համար էլ հարվածներ է ստացել, որի համար էլ ինքն իրեն պատժել է։ Արդյո՞ք ճիշտ է գնալ մինչև վերջ։ Դա շատ բարդ հարց է։ Մանավանդ, եթե զուգահեռ տարվի այն մարդկանց հետ, որոնք այժմ գտնվում են երկրի ներսում (նկատի ունի Ռուսաստանը֊խմբ․)»։

Պոլինա Ռեբելը ընդգծում է, որ հիմա Ռուսաստանից դուրս ապրող ռուսները կարող են, առանց որևէ հիմնախնդրի, արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը Ուկրաինայի արյունահեղության մասին։ Սակայն, նրանց համար, որոնք գտնվում են Ռուսաստանում, դժվար է «սեփական անձը առանձնացնել» շրջապատից, արտահայտվել հասարակական գծին հակառակ, «առաջ գնալ սեփական ուղիղ ճանապարհով»՝ չնայելով այն բանին, որ «քեզ վրա լոլիկ կշպրտեն, թե՞․ ոչ»։

Ռեբելի ու նրա «Glaza» անունով փարիզյան թատերախմբի անդամների մեկնաբանությամբ Մոլիերի հայտնի պիեսի հերոսը կանգնում է հայտնի ըմբոստների՝ պեչորինների, օնեգինների,չադսկիների հետ միևնույն շարքում, որն ընդգծում է 17֊րդ դարի ֆրանսիական կատակերգակի ստեղծագործության մեջ սոցիալ֊հոգեբանական հիմնախնդիրները։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 273 անգամ