Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոշոր ձեռնարկությունները կմասնակցեն թատերական հյուրախաղերի ֆինանսավորմանը

02.04.2014


Ռուսաստանի թատերական կոլեկտիվները հյուրախաղերի համար 2013 թ.-ի համեմատությամբ 2014թ.-ին պետությունից 6 անգամ ավելի շատ ֆինանսավորում կստանան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին երեկ Պսկովում կայացած ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հանձնաժողովի նիստի ժամանակ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Նախարարն ասել է, որ գործողության մեջ է մտցվել մի ծրագիր, ըստ որի կձևավորվի հյուրախաղային գործունեության դաշնային կենտրոն:

Մեդինսկին նաև նշել է, որ հատուկ ուշադրություն կդարձվի այն բանին, որպեսզի հյուրախաղերի մեկնեն ոչ միայն մայրաքաղաքային թատրոնները, այլև գավառում գործունեություն իրականացնողները: Դա կնպաստի միջգավառային մշակութային շփումների զարգացմանը և փոխհարստացմանը:

«Պարտադիր են հատկապես ստուգված, դասական խաղացաներով հյուրախաղերը և ոչ թե փորձարարականները: Ընդ որում պետք է պահպանվի գավառներում գործող տոմսերի վաճառքի գնային մակարդակը»,- ընդգծել է ՌԴ մշակույթի նախարարը:

Ավելացնենք, որ նախարարության կողմից թատրոնների հյուրախաղային քաղաքականությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետության կողմից: Այդ գործընթացին օժանդակում են նաև խոշոր ձեռնարկությունները: Օրինակ, նախատեսված է, որ առաջիկայում Ռուսաստանի 27 փակ քաղաքներում թատերական կոլեկտիվների հյուրախաղերի համար նախատեսված պետական ֆինանսավորումից բացի, իր մասնաբաժինը կներդնի նաև «Ռոսատոմը»:
    Դիտվել է 1009 անգամ