Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանից տարագրված Կռիմովն իր հեքիաթը կբեմադրի Լատվիայում

01.08.2024


Ուկրաինայում ընթացող պատերազմի մեկնարկին Եվրոպա տարագրված ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովը Լատվիայի Ազգային թատրոնում աշխատում է «Փիտեր Փեն։ Սինդրոմ» բեմադրության վրա, որի գրական հենքը նա պատրաստել է ըստ Ջեյմս Բարրիի հեքիաթի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Բեմադրության ժանրը ներկայացվում է որպես «Կարոտաբաղձային դրամա»։ Ռեժիսորը նշում է, որ այն ճախրող և չմեծացող տղայի մասին է։ Թեմա, որը հրատապ է այսօր, երբ ճախրանքը, թռիչքը կարող է ընդհատվել և մեծանալը իրականանում է կամքից անկախ, ակամա։ Ասենք, որ այս ներկայացման գաղափարը Կռիմովը մտահղացել է այն ժամանակ, երբ դեռ չէր հեռացել Ռուսաստանից և նախատեսում էր, որ իր մտահղացումը պետք է իրականացնի Մոսկվայի Սովրեմեննիկ թատրոնում՝ 2022-2023թթ․֊երին։

«Երբ ես պատանի էի, չէի կարծում, որ հասակ չեմ առնելու։ Ամեն ինչ թվում էր ակնհայտ, ինքնին հասկանալի։ Եվ ահա, մի անգամ մեկը փողոցում ինձ դիմեց «Դուք»֊ով։ Դա ինձ համար իսկական ցնցում էր։ Հիշում եմ, այդ դեպքից հետո ես երկու շաբաթ խելքի չէի գալիս և մայրիկիս հանգիստ չէի թողնում, թե դա ի՞նչ էր․․․ Ի՞նչ է, այսուհետ միշտ այդպե՞ս է լինելու․․․ Ես մինչև հիմա հիշում եմ այդ տեղը Մոսկվայում․․․»,֊ «Փիտեր Փեն։Սինդրոմ» բեմադրության առիթով հիշել է ռեժիսորը։

Կռիմովը Լատվիայի Ազգային թատրոն է հրավիրվել դեռ անցյալ թատերաշրջանում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 203 անգամ