Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոբո Աբեի աբսուրդի թատրոնի մի ուղերձ 1967թ․֊ից

01.10.2024

Ճապոնացի ռեժիսոր Մոթոի Միուրան Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմադրության է պատրաստում ըստ իր հայրենակից գրող Կոբո Աբեի «Բարեկամներ» պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Ես ընտրել եմ Կոբո Աբեի «Բարեկամներ» պիեսը, որովհետև այսքան բարի անվանման տակ թաքնված է վայրենի պատմություն, որը բացահայտում է ժամանակակից հասարակության անկատարությունը և անհատի անզորությունը, որը երես առ երես բախվում է մի իրավիճակի, երբ առանց դուռը թակելու քո մոտ են ներխուժում ուժերդ, զգացմունքներդ, և, ի վերջո, կյանքդ կողոպտող «բարեկամները»,֊ համառոտ ներկայացրել է բեմադրության թեման Միուրան։

Ըստ ռեժիսորի, այս բեմադրությունը կներկայացնի, թե որքան արագ ժամանակակից հասարակությունը կարող է մարդուն զրկել իր իսկ նույնականությունից, նրա մեջ սպանել հավատը սեփական անձի նկատմամբ։

Կոբո Աբեի պիեսի գործողությունները կարող են ծավալվել ցանկացած երկրում։

Այս ունիվերսալ ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է մի տարօրինակ իրավիճակ։ Հանկարծ երիտասարդ տղամարդու բնակարան է ներխուժում և տեղավորվում 8 անձից կազմված մի ընտանիք։ Քողարկվելով բարի մտադրություններով, այս ընտանիքի անդամները թափանցում են երիտասարդի կյանքի բոլոր ոլորտներ, սկսում են տնօրինել նրա բնակարանը, աշխատավարձը, անձնական հարաբերությունները, իսկ հետո էլ ֆիզիկական ազատությունը։

Պիեսը հրատարակվել է 1967թ․֊ին և հարազատ է այդ ժամանակաշրջանում դոմինանտ աբսուրդի թատրոնի գեղագիտությանը։

Մոթոի Միուրան ճապոնական «Թոհո Հաքուեն» դրամատիկական դպրոցի սան է։ Բեմադրություններ է պատրաստել ինչպես Ճապոնիայի մի շարք թատրոններում, այնպես էլ Եվրոպայում։ «Բարեկամներ»֊ը նրա երկրորդ աշխատանքն է ռուսական բեմում։ 2023թ․֊ին նա Սանկտ֊Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում բեմադրել է «Ոճիր և պատժը»՝ ըստ Դոստոևսկու համանուն վեպի։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 209 անգամ