Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պիկովայա դամա», որը մոտ է ոչ միայն Պուշկինին․․․

03.15.2024

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի նկատմամբ իր բողոքը Եվրոպա արտագաղթելով արտահայտած հայտնի ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերային թատրոնում բեմադրել է Չայկովսկու «Պիկովայա Դամա»֊ն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այս հայտնի երաժշտական ստեղծագործությանը Կուլյաբինն անդրադառնում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ, ըստ Պուշկինի համանուն ստեղծագործության, նա բեմադրություն է պատրաստել ուսանողական տարիներին՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնում։ Թե այն ժամանակ, թե Լիոնում աշխատել է նկարիչ Օլեգ Գոլովկոյի համահեղինակությամբ։

Լիոնի օպերայում «Պիկովայա դամա» օպերան կցուցադրվի համաշխարհային դրամատուրգիայի մեջ կնոջ տեղին նվիրված «Վերախառնելով խաղաթղթերը» մինի֊փառատոնի շրջանակներում։ Կլինի միմյանց հաջորդող երեք պրեմիերային ցուցադրություն, որոնց մեկնարկն այսօր է։ Բացի այս օպերան, փառատոնի շրջանակներում լիոնցիներին կներկայացվեն Պուչինիի «Աղջիկը արևմուտքից» և Սեբաստիան Ռիվասի «Պատանդները» օպերաները։

«Opera Magazine» հանդեսը նշել է, որ այսօրվա վիճակով «Պիկովայա դամա»֊ն Չայկովսկու «շատ կայսերակա ստեղծագործություն է և խոստանում է բեմում ցուցադրել այսօրվա Ռուսաստանը «իր ամբողջությամբ»։ Ընդ որում, Լիոնի թատրոնը հիշեցնում է, որ և կոմպոզիտորը, և լիբրետոյի հեղինակ Մոդեստ Չայկովսկին, հորինելով ռոմանտիկական օպերան, վերցրել են ոչ միայն լիրիզմ, բանաստեղծականություն և ֆանտաստիկայի տարրեր, այլև ռոմանտիզմի համար կարևոր երգիծանք։ Իսկ դա «Պիկովայա դամա» օպերան մոտեցնում է․ ոչ միայն Պուշկինին, այլև մյուս մեծ հանճարներին՝ Գոգոլին, Դոստոևսկուն և, նույնիսկ, Բուլգակովին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ