Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարրոկոյական օպերան վերածվել է յուրահատուկ կաֆկայական հարահոսի

04.01.2024

Ինչպե՞ս բարրոկոյական օպերան վերածել մեր օրերի համար հրատապ բեմադրության։ Ինչպե՞ս մոտենալ խնդրին, որպեսզի այն չկորցնի իր երաժշտականությունը և չվերածվի քաղաքական կարգախոսի։ Այդ խնդիրն է իր առաջ դրել շվեյցարիացի հայտնի ռեժիսոր և կոմպոզիտոր Քրիստոֆ Մարթալերը Մոնթեվերդիի «Պոպպեյայի թագադրությունը» բամադրության մեջ, որը հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել Բազել քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Բռնակալի մասին օպերայի բեմադրությունը մեր օրերում կարող է հանգեցնել հրապարակախոսության, երբեմն հասնելով, նույնիսկ, թաքնված կամ ակնհայտ նորությունների մատուցման։ Սակայն, չի բացառվում նաև հեռանալը հրատապությունից և ծավալվելը հավերժականի մակարդակում։ Օրինակ, խոսելն ամենակործան կրքի ուժի մասին, որը սրբում է բարոյականի պատկերացումները, հեռացնում ընկերներին, զինակիցներին և բոլոր նրանց, ոքեր հայտնվում են ճանապարհին։

Բայց իր բեմադրության մեջ Մարթալերը վարվել է բոլորովին այլ կերպ։ Նա պատմում է մի «դուչեի»մասին մասնավոր պատմություն, իշխանատենչության մասին հավերժական մի պատում, որն իր մանրամասների մեջ նույնական է այն ամենին, ինչը կատարվում է այսօր՝ մեր աչքերի առջև։

Ռեժիսորն, անշուշտ, ունի արդարացումներ «Պոպպեյայի թագադրության» գլխավոր հերոսի Ներոն կայսեր և ֆաշիստական դուչե Մուսոլինիի միջև զուգահեռներ անցկացնելու համար։ Եվ այստեղ էականն այն չէ, որ գործողությունները ծավալվում են Իտալիայում։ Գլխավորը ժամանակակից բռնակալի սովորություններն են, որոնք շատ բաներով նրա հին հռոմեացի նմանակի ուղղակի կրկնություններն են։ Օրինակ, այն պատմությունը, թե ինչպես է առաջին կնոջը Բենիտո Մուսոլինին 1914 թ․֊ին լքել հանուն նոր տիկնոջ՝ Իդե Դալզերի, իսկ մեկ տարի անց լուսաշխարհ եկած երեխայի հետ միասին նաև վերջինիս լքել հանուն վաղեմի սիրուհու։ Սա իրական է, եղելություն է։

Օպերայի նախերգանքի ընթացքում բեմում հայտնվում է զինվորական համազգեստով մի տղամարդ, որը քարշ է տալիս արյունոտ մարմին։ Սա այնքան է զարմացնում երաժիշտներին, որ նրանք նույնիսկ մի քանի վայրկյան դադարում են նվագել, բայց հետո վերադառնում են իրենց սովորական գործունեությանը։

Ներկայացման ընթացքում արյունոտ մարմիններ կհայտնվեն այս ու այն կողմում՝ որոնք խորհրդանշում են այն իրողությունը, որ այս աշխարհում ոչ ոք ապահով չէ և ցանկացած պահի կարող է գերվել ու ոչնչացվել։ Ավելին: Մինչ պատերազմից վերադարձած Օթտոնը կատարում է իր առաջին արիան, նրա գլխավերևում, երկրորդ հարկում, զինվորական համազգեստով մարդիկ անընդհատ պտտվում են, բացում են դռները, թակում և ամեն կերպ շեղում նվագախմբի անդամների ու հանդիսատեսների ուշադրությունը։ Նրանց դեմքերը անկիրք են, ոչինչ չեն արտահայտում և չեն տարբերվում մեկը՝ մյուսից։ Դա հիշեցնում է մի յուրահատուկ կաֆկայական հարահոս, որն, ասես, հանդիսատեսին նույնպես ձգում է, տանում մի անհասկանալի մեխանիկական շարժման մեջ։

Եվ այս համապատկերում Ներոնն է, որպես համակարգի օրգանական մաս։ Նա հմայիչ արտաքին չունի, խառնվածքով իներտ է, նույնիսկ աչքի չի ընկնում չարությամբ։ Նա մանրախնդիր է, իսկ Պոպպեյայի հետ սիրախաղի մեջ՝ ծիծաղելի։ Կարճ ու փոքրամարմին Ներոնը ինչ֊որ մտացածին դիրքեր է բռնում, ապա բարձրանում աթոռին, որպեսզի հասակով հարմարվի իրենից բարձրահասակ կնոջը․․․ Բայց դա էլ չի փրկում նրան։ Պոպպեյան նրան կրկին նայում է վերևից․․․ Բայց նրա ֆիզիկական աննշանությունը չպետք է թերագնահատելու հիմք դառնա։ Նա անսահմանափակ իշխանությամբ է օժտված և հանդիսանում է համակարգի շարժիչ ուժը․․․

Սակայն, բեմադրության ավարտին Պոպպեյան թունավորում է ամուսնուն՝ Ներոնին և դառնում իշխանության միակ կրողը, որը խորհրդանշում է թե որքան ավելի անկարող ու թույլ է իտալական ֆաշիզմը գերմանականից․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 81 անգամ