Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Իմ հարևան Թոթորոն» եկող տարի կգնա Վեսթ Էնդ

04.29.2024

Ճապոնացի նշանավոր արվեստագետ և պրոդյուսեր Հայաո Միյաձակիի «Ghibli․ ստուդիայում նկարահանված «Իմ հարևան Թոթորոն» ֆիլմը Լոնդոնում պատրաստվում են ներկայացնել նաև թատերական ձևաչափով։ Նախատեսվում է, որ այդ բեմադրությունը Բրիտանիայի մայրաքաղաքի Վեսթ֊Էնդում կներկայացվի 2025թ․֊ին՝ Ջիլլիան Լիննի թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»֊ին։

Նախատեսվում է, որ բեմադրությունը լոնդոնյան բեմահարթակում կցուցադրվի 34 շաբաթ անընդմեջ՝ մարտի 8֊ից մինչև նոյեմբերի 2֊ը։

«Իմ հարևան Թոթորոն» պատմում է երկու քույրերի՝ Սացուկիի և Մեյի մասին։ Նրանք քաղաքից տեղափոխվում են գյուղ՝ իրենց հիվանդ մայրիկին խնամելու համար։ Այստեղ Մեյը հանդիպում է Թոթորոյին, որը անտառի պաշտպանն է։ Բայց այդ անտառում բնակվում է նաև հոգիների մի մեծ խումբ, որոնք էլ աղջիկներին տանում են հարմարավետության,, կախարդանքների և հրաշքների արքայություն․․․

Մայաձակին այս ֆիլմն առաջին անգամ ներկայացրել է 1988թ․֊ին, իսկ դրա թատերականացված տարբերակը, որի հեղինակը Թոմ Մորթոն֊Սմիթն է, հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու 2022թ․֊ի ապրիլին Արքայական շեքսպիրյան թատերախմբի ներկայացմամբ։ Այն միանգամից գրանցել է աննախադեպ հաջողություն և տոմսարկղային ցուցանիշներով գերազանցել է մինչ այդ առաջատարը համարվող «Համլետ» բեմադրությանը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ։

«Իմ հարևան Թոթորոն» 2023թ․֊ին արժանացել է 6 «Օլիվիե» թատերական մրցանակի, այդ թվում «Լավագույն զվարճալի֊կատակերգություն», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն հագուստ», «Լավագույն լուսային ձևավորում․,«Լավագույն դեկորացիաներ»․ «Լավագույն ձայնային ձևավորում» անվանակարգերում։

«Սա անհավանական հատուկ շոու է, որտեղ հաջողվել է գեղեցիկ տեխնիկական ձևավորումը համադրել մարդկային սրտալից ջերմության հետ»,֊ հայտարարել են «Վեսթ֊Էնդում ցուցադրության կազմակերպիչները։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 102 անգամ