Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լիմասսոլեի փառատոնին տոն տվողները նաև էմիգրանտ արտիստներն են

05.02.2024


Օրերս Կիպրոսի Լիմասսոլե քաղաքում մեկնարկել է միջազգային մի նոր թատերական փառատոն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին:

CITF (Cyprus international theatre festival) պաշտոնական անունն ստացած միջոցառումը բացվել է ռուս֊ուկրաինական պատերազմի պատճառով որպես բողոքի նշան արևմուտք տեղափոխված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի Գերմանիայում հիմնադրած «Kirill & Friends» ընկերության «Ապոկալիպսիսը՝ վաղը» բեմադրությամբ։

Այս թատերախաղում ռեժիսոր Եվգենի Կուլագինը հիմնականում ընդգրկել է նախկին «Գոգոլ կենտրոն» թատրոնի այն արտիստներին, որոնք պատերազմի նկատմամբ բացասական վերաբերմունքի հետևանքով նույնպես հայտնվել են արևմուտքում։

Լիմասսոլե փառատոնում դիտարժան շոուների շարքում հիշատակվում է նաև «Տխրահռչակ Ռամիրես Հոֆմանը» ներկացումը, որը ամերիկացի հայտնի արտիստ Ջոն Մալկովիչի և ռուս դաշնակահարուհի ԱնաստասիաՏերենկովայի համատեղ նախագիծն է։ Այն կառուցված է որպես «Երաժշտաթատերական․ եկխոսություն»՝ պատմողի և երաժշտական տրիոյի միջև։ Բեմադրության հիմքում ընկած է չիլիացի բանաստեղծ և գրող Ռոբերտո Բալանյոյի «Նացիստական գրականությունը Ամերիկայում» գրքի վերջին գլուխը, որը ֆանտաստիկ պատմություն է բանաստեղծի, ավիատորի և մարդասպանի մասին։

Ի դեպ, այս փառատոնում կկայանա հանդիպում նաև ռուս֊ուկրաինական պատերազմի հետևանքով արևմուտք արտագաղթած ռուսաստանցի հայտնի դրամատուրգ Իվան Վիրիպաևի հետ։ Նա Լեհաստանում հիմնել է «Teal House» ընկերությունը, որի Կիպրոսում կցուցադրի «Mahamaya Electronic Devices» խորագրով պերֆորմանսը։ Այն կներկայացվի ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով։ Ինքը՝ Վիրիպաևը, հանդես կգա ասմունքով և կհնչեցնի «Գեղեցիկ թիթեռների աշխարհը» վերնագրված բանաստեղծությունների շարքը՝ որը նվիրված 2017թ․․֊ին զոհված դերասան, ռեժիսոր և երաժիշտ Կազիմիր Լիսկեին։

Ընդհանրապես, Կիպրոսում առաջին անգամ կազմակերպված CITF (Cyprus international theatre festival) փառատոնում կներկայացվեն բազմաժանր բեմադրություններ։ Ծրագրում նախատեսված են նաև պարային ներկայացումներ, ավանգարդային և մոնո բեմադրություններ և այլն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 93 անգամ