Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի նոր գրաֆֆիտների շարքը Լոնդոնի հասարակական վայրերում

08.14.2024


Մի քանի օր առաջ Լոնդոնի բիզնես թաղամասում հայտնվել է փողոցային նկարիչ Բենքսիի հերթական գրաֆֆիտը։ Այս անգամ փողոցում տեղադրված ոստիկանական խցի ապակու վրա նա պատկերել է պիրանիաներ (փոքրիկ գիշատիչ ձկնիկներ)։ Սա մեկ շաբաթվա ընթացքում անհայտ նկարչի Լոնդոնում դիտարկված 7֊րդ նոր աշխատանքն է։

Իսկ Նախօրեին, օգոստոսի 13֊ին, օտարերկրյա մի շարք մշակութային ԶԼՄ֊ներ տեղեկացրին, որ Բենքսին նոր ստեղծագործություն է պատկերել բրիտանական մայրաքաղաքի գազանանոցի դարպասներին; Այստեղ նա վրձնել է գորիլլայի պատկեր, որ բացում է և ազատ արձակում վանդակներում պահվող գազաններին։
Սա առայժմ նկարչի կենդանական աշխարհին անդրադարձած վերջին գործն է։ Այդ մասին տեղեկացնում է CBS News֊ը։

Independent պարբերականը նշում է, որ Բենքսիի այս նոր ստեղծագործական շարքը նպատակ է հետապնդում այսպիսի անսպասելի զվարճանքի միջոցով մարդկանց գոտեպնդել, նրանց շեղել մռայլ մտքերից։

Օգոստոսի 12֊ին արված աշխատանքը, որտեղ նա պատկերել էր ռնգեղջյուր, անհայտ մի քաղաքացի վնասել էր։ Իսկ արբանյակային ալեհավաքի վրա պատկերված գայլը ինչ֊որ մեկը գողացել է։ Հիշեցնենք, որ Բենքսիի գրաֆֆիտների արժեքը գնահատվում են տասնյակ հազարավոր դոլարներով։

Լոնդոնի իշխանությունները փորձում են պաշտպանել այդ գրաֆֆիտները։

Պիրանիաներ պատկերող ոստիկանական փողոցային խուցն, օրինակ, տեղափոխվել է Գիլդհոլ֊Յարդ։ Այս կառույցում այն անվտանգ է և հանրության համար մատչելի։

Կենդանիներ պատկերող շարքից մի ցուցանակ, որի վրա Բենքսին օգոստոսի 10֊ին նկարել էր կատվի պատկեր, մարդկանց ցուցադրվել է միայն այն ստեղծելու օրը։

Փողոցային նկարիչ Բենքսին հայտնի է աշխարհով մեկ թողած երգիծական գործերով, ինչպես նաև իր անձի․․․ անհայտությամբ։ Բենքսին իր ստեղծագործություններում հաճախ հանրության ուշադրությունը հրավիրում է քաղաքական, սոցիալական և տնտեսական խնդիրների վրա։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 63 անգամ