Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանը, Մոսկվայի թանգարանը և «Մոսկվայի պատմությունը»

01.20.2025

2024թ․֊ի դեկտեմբերին Մոսկվայի թանգարանում բացված «Մոսկվայի պատմությունը» ցուցահանդեսից հեռացվել է քաղաքական ռեպրեսիաներին նվիրված ցուցադրանքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ցուցահանդեսի այդ հատվածը թանգարանը պատրաստել էր ԳՈՒԼԱԳ֊ի պատմության թանգարանի մասնագետների օգնությամբ։

Ցուցադրանքի համակարգավորիչ Ալեքսանդրա Սելիվանովան բարձրաձանելով այդ փաստի մասին, միաժամանակ հայտնել է, որ նախագիծն արդեն պատրաստ էր և անցել էր մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի և մշակույթի նախարարության փորձագիտական ներքին գիտական խորհրդով, բայց հեռացվել է ցուցահանդեսի բացումից հետո մեկ ու կես շաբաթ անց։

Ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվել։ 2012թ․֊ից ԳՈՒԼԱԳ֊ի պատմության թանգարանի տնօրեն Ռոման Ռոմանովն ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Աննա Տրապկովան, որը այս նոր պաշտոնը համատեղելու է Մոսկվայի թանգարանի տնօրենի իր ընթացիկ պարտականությունների հետ։

Ի դեպ, նշենք, որ ԳՈՒԼԱԳ֊ի թանգարանը անցյալ տարի նոյեմբերի 14֊ից փակվել է այցելությունների համար։ Դրա պատճառ է հայտարարվել այն, որ հաստատությունում խախտել են հակահրդեհային անվտանգության կանոնները։ Թե ե՞րբ կբացվի թանգարանը այցելուների առաջ նոր տնօրենի նշանակումից հետո, անհայտ է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ