Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրապետության թատերական կյանքը 3 օր կհագեցվի շեքսպիրյան շնչով

03.17.2014

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին, հանդիսավորությամբ կբացվի մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ հանճարեղ դրամատուրգի «Լիր արքա» ողբերգության հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան/:

Փառատոնի շրջանակներում Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

Փառատոնի օրերին հանրապետության մի քանի թաթերական կոլեկտիվներ կցուցադրեն իրենց խաղացանկերում ընդգրկված շեքսպիրյան ներկայացումներ: Այսպես, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա»-ն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա»-ն, իսկ Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ «Հուլիոս Կեսար»-ը:

Հիշեցնենք, որ փառատոնը, որ կընթանա 3 օր՝ մինչև մարտի 22-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միավորումը:

Ավելացնենք, որ այս մշակութային իրադարձոթյանը իրենց մասնակցությունը կբերեն նաև Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից և Դանիայից Հայաստան ժամանած Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները:
    Դիտվել է 2003 անգամ