Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեհ հայտնի դերասանը հրաժարվել է շարունակել աշխատանքը Մոսկվայի թատրոնում

03.25.2014

Լեհ հայտնի դերասան Դանիել Օլբրիխսկին, որպես ՌԴ նախագահ Վ. Պուտինի վարած քաղաքականության դեմ իր բողոքի նշան, հրաժարվել է խաղալ Մոսկվայի լեհական թատրոնում Եվգենի Լավրենչուկի բեմականացրած «Եվրոպայի առևանգումը» ներկայացման մեջ: Այդ մասին հաղորդում են մի շարք ռուսական և օտարալեզու լրատվամիջոցներ՝ հղում անելով լեհական «Gazeta Wyborzca» պարբերականին, որտեղ տպագրվել է ՌԴ-ի նախագահին ուղղված լեհ դերասանի բաց նամակը:

Նամակում Օլբրիխսկին նշել է, որ Ռուսաստանում աշխատանքից հրաժարվելու իր հիմնական պատճառը Վ. Պուտինի որոշումն է, որի համաձայն ռուսական զորքերը ներխուժել են «… անկախ Ուկրաինայի տարածք»: «Ձարմանքով և խոր տխրությամբ հետևում էի, թե ինչպես ռուս ժողովրդի ներկայացուցիչները, ձեր խորհրդարանը, ծափերով հաստատեց ագրեսիայի այդ ակտը»,- գրել է դերասանը:

Օլբրիխսկին նաև հիշեցրել է ռուսաստանցի մշակութային գործիչների նամակի մասին, որով նրանք իրենց օժանդակությունն են հայտնել Վ. Պուտինի դիրքորոշմանը՝ Ուկրաինայի և Ղրիմի հարցի վերաբերյալ: Նա նշել է, որ ինքը վշտացած է ստեղծագործող մարդկանց այդ ուղերձի կապակցությամբ:

«Ինձ անձամբ շատ ցավալի էր լսել ձեր նախագահից այն մասին, որ Մայդանի ահաբեկիչները վարժվել են Լեհաստանում: Այդպես սուտ խոսել կարելի է միայն այն հաշվարկով, որ սեփական հասարակությունը ծայրահեղորեն շատ պարզունակ է»,- նշել է դերասանը, ապա ավելացրել, որ Պուշկինի, Տոլստոյի, Չեխովի և իմ ընկերների՝ Օկուջավայի ու Վիսոցկու գեղեցիկ լեզուն, որով «…ես իմ փորձերն էի անում այդ հոյակապ պիեսի մեջ, այժմ զուգահեռվում է Պուտինի ագրեսիվ հռետորաբանության հետ»: Ապա նա գրում է, որ իր ժամանումը Մոսկվա և այնտեղ աշխատելը այդ պայմաններում անհնար է:

Ավելացնենք, որ «Եվրոպայի առևանգումը» ներկայացման պրեմիերան, որտեղ խաղալու էր Դ. Օլբրիխսկին նշանակված էր 2014թ.-ի մայիսին:

Դանիել Օլբրիխսկին հայտնի դերասան է ոչ միայն Լեհաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նա երիտասարդ տարիներին հաջողությամբ նկարահանվել է նաև կինոյում, հանդես է եկել լեհ նշանավոր ռեժիսոր Անջեյ Վայդայի հանրահայտ ֆիլմերում («Մոխիր», «Ճանճերի որս», «Ավետյաց երկիր» և այլն): Նա նկարահանվել է նաև ռուսական կինոնկարներում («Թուրքական գամբիթ», «Թիվ 17 լեգենդը», «Սիբիրյան սափրիչ» և այլն):
    Դիտվել է 985 անգամ