Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման պրեմիերա հայոց Մեծ եղեռնի մասին՝ թուրք ծայրահեղականների բողոքի ներքո

03.27.2014

Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնը օրերս ներկայացրել է Էդգար Հիլզենրատի «Հեքիաթ մահից առաջ» վեպի բեմականացումը: Այս գործը անդրադարձ է հայոց Մեծ եղեռնին: Այդ մասին հաղորդում է «yerkirmedia.am»-ը՝ հղում անելով «hetq.am»-ին:

Հաղորդագրությունը նշում է, որ ներկայացման պրեմիերայի նախօրեին թուրք ծայրահեղակները (մոտ հարյուր մարդ) պահանջել են ներկայացումը չեղյալ հայտարարել՝ ասելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել:

Իսկ Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ այդ տարիների իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Որպեսզի ներկայացումը չտապալվի և պրեմիերան կայանա, թատրոնի ղեկավարությունը ստիպված է եղել ոստիկանություն կանչել՝ անվտանգության նկատառումներով:

«Առաջին անգամ մենք թատրոնում պրեմիերա ենք անելու ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։ Հավատացեք, սա տարօրինակ զգացում է՝ հնարավոր չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա », ասել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Թոմաս Շպիկերմանը պրեմիերայից առաջ: Նա նաև նշել է, որ այս ներկայացման հետ կապված իրենք տարբեր տոնայնության նամակներ են ստանում:
    Դիտվել է 1004 անգամ