Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհում չկա թատրոն, որի գեղարվեստական ղեկավարը կես դար լինի միևնույն մարդը

03.29.2014

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նշում է իր 75-ամյակը:

Այդ առթիվ այսօր կայացած մամլո ասուլիսում, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց մշակութային օջախի անցած ուղին, վերհիշեց Հայաստանի թատերական կյանքի կարևոր բաղադրիչը դարձած և դերասանների մի քանի սերունդների հերթափոխ ընդունած թատրոնի նվաճումները:

Գրիգորյանը նշեց, որ իր ղեկավարած հաստատության նպատակը հիմնադրման օրվանից անփոփոխ է: Այն կոչված է հայ թատերական միտքը և մշակույթը ներկայացնել ռուս և ռուսախոս հանդիսատեսին, իսկ հայաստանցի հանդիսատեսին ցուցադրել ռուս և, ռուսաց լեզվի միջոցով՝ նաև համաշխարհային թատերգության լավագույն նմուշները:

Թատրոնի կայացման գործում տարբեր տասնամյակներում իրենց ներդրումներն են ունեցել հայ բեմի այնպիսի նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լ. Քալանթար, Ա. Բուրջալյանը, Ա. Գուլակյանը, Վ. Վարդանյանը:

Ի դեպ, Երևանի ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում ամենաերկարակյացը Ալեքսանդր Գրիգորյանն է: Նա այս կոլեկտիվի ղեկավարն է շուրջ 50 տարի: Ինչպես նշվեց մամլո ասուլիսի ժամանակ, աշխարհում դեռ չի եղել մի այնպիսի թատրոն, որի գեղարվեստական ղեկավարը կես դար լինի միևնույն մարդը: Այդ կապակցությամբ նույնիսկ խոսք կա, որ նույն թատրոնում գլխավոր ռեժիսորի մասնագիտական բազմամյա գործունեության փաստը պետք է ներկայացվի Գինեսի ռեկորդների գրքին:

Այսօր թատրոնը որոշ դժվարություններ ունի հյուրախաղային գործունեություն իրականացնելու հարցերում: Թեև կապերը թե ռուսական և թե եվրոպական երկրների թատերական կենտրոնների ու փառատոների հետ պահպանվում են, բայց այդ ծախսատար գործընթացներին Ստանիսլավսկու անվան թատրոնն իր ներկայացումներով միշտ չէ, որ ի վիճակի է մասնակցել:

Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ, օրինակ, Լեհաստանի Կրակով քաղաքի իրենց գործընկերներից արդեն 17 տարի շարունակ հրավեր են ստանում, բայց այդպես էլ միջոցներ չեն գտնվում այնտեղ հյուրախաղերի մեկնելու ծախսերը հոգալու համար: Բայց այլ գործընկերների հետ ակտիվ մասնագիտական շփումներ, այնուամենայնիվ ստացվում են: Օրինակ, ապրիլի 8-ին իրենք հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Պետերբուրգում:

Կան նաև շփումներ անհատական մակարդակով: Ա. Գրիգորյանը երախտագիտությամբ խոսեց Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ-ի) ղեկավար Օլեգ Տաբակովի մասին, ով շատ ջերմ վերաբերմունք ունի երևանցի իր գործընկերների նկատմամբ և բավականին լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Ստանիսլավսկու անվան երևանյան թատրոնին:

Մամլո ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը իր խոսքում անդրադարձավ այն կարևոր առաքելությանը, որ այսօր պատվով իր վրա է կրում ռուսական դրամատիկականը: «Իր գեղարվեստական ճաշակով և ներկայացումների յուրահատկությամբ ռուսական թատրոնը մեր մշակութային առօրյայում յուրահատուկ է և առանձնանում է դրական իմաստով: Այն Երևանում ներկայացնում է ռուսալեզու մշակույթը և ոչ թե միայն ռուսականը»: Ըստ նրա թատրոնի աշխատանքը իր նկատմամբ ձևավորել է հանդիսատեսի դրական վերաբերմունք, իսկ թատրոնն էլ, իր հերթին ամեն կերպ աշխատում է էլ ավելին մատուցել իր հանդիսատեսին:

75-ամյա հոբելյանը առիթ է ծառայել, որ Երևանի Կ. Ստանիսլավսկու թատրոնում մի անկյուն առանձնացվի և այնտեղ հիմնադրվի ցուցահանդես-թանգարան, որտեղ տեղ են գտել արխիվային լուսանկարներ, տարբեր ներկայացումների հերոսների ու հերոսուհիների զգեստներ, հուշանվերներ, որոնք թատրոնը կամ թատերախմբի անդամները ստացել են տարբեր առիթներով: Ըստ Վ. Գրիգորյանի, դա յուրահատուկ միջավայր է ձևավորում և նախապայման է հանդիսանում, որ հանդիսատեսը դահլիճ մտնելուց առաջ տրամադրվի թե որտեղ է ինքը գտնվում և ինչ միջավայրում է ինքը հանդիպելու այս կամ այն թատերախաղին:

Ավելացնենք, որ այսօր երեկոյան Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմը կունենա տոնական ձևավորում: Այստեղ, թանգարան-ցուցահանդեսի բացումից հետո կկայանա հոբելյանական երեկո, որին կմասնակցեն նաև բեմարվեստի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ ու երկրպագուներ:
    Դիտվել է 1067 անգամ