Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռիչարդ 3-րդը Երևանի ակադեմիական բեմահարթակին է

04.04.2014

Նրա ծնունդը և ֆիզիկական հրեշավոր թերությունները միայն սարսափ չէ որ հարուցեցին հարազատ մոր ու բոլոր տեսնողների մեջ: Նա նաև իրեն ընդդիմացող ցանկացածի կոկորդը կրծելու պատրաստ այն կերպարն է, ով մտքերով, տրամաբանությամբ և, անշուշտ, արտաքին նկարագրով, ահազանգում է խառնակ ժամանակների մոտալուտ լինելը: Եվ, որպես դրա ծանրակշիռ հիմնավորում, առաջ է մղվում գրեթե իմպրեսիոնիստական ներուժով օժտված հեղինակային փաստարկը՝ քիչ չէ կուզ ունի, նաև՝ ծնվել է ատամներով…

Այդ հանգամանքները, նաև մի ոտքը մյուսից կարճ լինելը նրա առջև ի սկզբանե փակում են երկրային կյանքի վայելքները ճաշակելու նվազագույն հնարավորությունն անգամ: Իսկ նա կենսասեր է և նրան խորթ չեն ցանկասիրական զգացումները: Բայց առավել շատ գերակայողը սեփական ցանկություններին հագուրդ տալու հնարավորություն ունենալու միջոցին՝ իշխանությանը տիրելն է: Մյուս կողմից՝ իշխանատենչության և ընչաքաղցության անհագ որկորը հասարակությանը բաժանել է թշնամական խմբավորումների: Պատահակա՞ն է արդյոք նրա ծնունդն այդ հանգամանքներում:

Այս հռետորական հարցին այդպես էլ շեքսպիրյան հանճարը հստակ չի պատասխանում, քանի որ պարզից էլ պարզ է, որ երկուսի պարագայում էլ հասունացման ընդերքային գործընթացները սկսվել են մարդկային մեղավոր հոգու և մտքի խորխորատներում՝ անհատականից վերածվելով հասարակական նորմերի կամ հակառակը՝ հասարակական աղճատված նորմերն արդեն խոր պալարներ են տարածել անհատի ներսում, ընդհուպ մինչև մայրական արգանդ, որտեղ ձևավորվում են պտղի հրեշավոր բովանդակությունը, ճակատագիրը և այդ արժեքային համակարգի հնարավոր լինելը հիմնավորող ֆիզիկական տվյալները:

Երևանում շեքսպիրյան «Ռիչարդ 3-րդն» է, իր մարդկային կյանքը մահվան ճարակ դարձրած մսաղացով:

Ապրիլի 3-ին կայացավ այս ողբերգության պրեմիերան՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեկնաբանությամբ: Ներկայացումը կարելի է բնորոշել որպես ակադեմիական մոտեցման փորձ մեծ անգլիացու հանճարեղ ստեղծագործության նկատմամբ:

Բեմադրության մեջ զգալի էր նաև միջնադարին բնորոշ պաթոսը, այդ պատմական ժամանակաշրջանի անգլիական արքունիկին հատուկ մարդկային վարքի ու բարոյականության նկարագիրը:

Ներկայացման մեջ որպես ռեժիսորական հետաքրքիր հնարք կարելի է դիտարկել նաև մեր օրերի երևանյան կյանքին բնորոշ այնպիսի բաղադրիչների կիրառումը ինչպիսիք են միտինգի հրավրող բարձրախոսը կամ երևանյան փողոցներից վերացված, բայց երևանցիների մտապատկերում պահպանվող և ժամանակի հուլովույթի պարբերականությունը նշող, իսկ բովանդակությունը ուղեսրահում խտացնող տրամվայը…

Բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր Արթուր Սահակյանը: Դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ռազմիկ Խոսրոևը, Գայանե Մկրտչյանը, Նելլի Խերանյանը և այլք:
    Դիտվել է 1129 անգամ