Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի ռեժիսորը գտնում է, որ չարժե թռչկոտել ինչպես արտարժույթի կուրսը

04.17.2014

Այսօր դրական երևույթ է երիտասարդ բազմաթիվ ռեժիսորների անունների երևան գալը թատերական ազդագրերում: Ի՞նչ նոր անհրաժեշտ բան են նրանք բերում հանդիսատեսի համար: Հաճախ երիտասարդ բեմադրիչները իրենց ներկայացումներում դասականների ստեղծագործությունների քարը քարին չեն թողնում:

Այսօր այդ երևույթն ավելի ու ավելի տիրապետող մտայնության է վերածվում, որին արձագանքել է Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը. «Ռուսական թատրոնն ունի ամբողջ աշխարհում ընդունված և հարգված սեփական ավանդույթները: Փլուզել մեծ ռուսական ռեալիստական, հոգեբանական թատրոնը հեշտ է, իսկ այն կրկին կառուցելը՝ դժվար»:

Թատերական գործիչը նշել է, որ չէր ցանկանա, որ ռուսական թատրոնը ընկնի զանազան հոսանքների և մոդաների ետևից, թռչկոտի ինչպես արտարժույթի կուրսը, այլ, որպես մեծ և գեղեցիկ նավ, լողա հանգիստ և վստահ՝ ուղիղ իր կուրսով:

Սոլոմինը պատմել է, որ վերջերս դրամարկղային հաշվետվությունները նայելիս ինքը մեծ ուրախությամբ արձանագրել է, որ Փոքր թատրոնում ներկայացվող բեմադրությունների ¾-ը անցնում են անշլագի պայմաններում: Նա նաև արձանագրել է մի այսպիսի հետաքրքիր փաստ, որ իրենց վաղեմի ներկայացումներից մեկի՝ Սերգեյ Ժենովաչի բեմադրած «Խելքից պատուհասը» մեր օրերում էլ մեծ պահանջարկ վայելող ներկայացումներից մեկն է և դրա տոմսերը առաջիկա մի քանի ամիսների համար արդեն վաճառված են: Իսկ դա «ընդամենը դասական գործ է, այն էլ դպրոցական ծրագրերից ծանոթ»:
    Դիտվել է 1048 անգամ