Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական և մշակութային համագործակցությունը սրբազան պարտականություն է

04.21.2014


Բելոռուսի օպերայի և բալետ Ազգային ակադեմիական Մեծ թատրոնին շնորհվել է UNESCO-ի «Հինգ մայրցամաքներ» հիշատակի շքանշան: Այդ պատվավոր մրցանակին բելոռուսական մշակութային օջախն արժանացել է համաշխարհային արվեստի գանձարանում արժեքավոր ներդրումներ կատարելու և ՄԱԿ-ի գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունում Բելոռուսի անդամության 60-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «mail.ru»-ն:

Շքանշանը թատրոնի տնօրեն Վլադիմիր Գրիդյուշկոյին է հանձնել Բելոռուսում աշխատանքային այցով գտնվող UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

«Արվեստը աշխարհը դիտարկելու և այնտեղ միաժամանակ գտնվելու հնարավորություն է: UNESCO-ի կանոնադրությունը հռչակում է, որ պատերազմի մասին գաղափարները ծնունդ են առնում մարդկանց մտքերում, այդ իսկ պատճառով՝ մարդկանց գիտակցության մեջ պետք է արմատավորել խաղաղությունը պաշտպանելու գաղափարներ»,- շքանշանի հանձնման արարողության ժամանակ ասել է Իրինա Բոկովան և ընդգծել, որ միջազգային այդ կառույցի կանոնադրությունը գեղարվեստական և մշակութային համագործակցությունը համարում է սրբազան պարտականություն:

Մեծ թատրոնը Բելոռուսի միակ թատերական հաստատությունն է, որն արժանացել է UNESCO-ի հուշամեդալին: Աշխարհում այդ պատվին են արժանացել Ռուսաստանի Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարերի հայտնի անսամբլը, ֆրանսիացի հայտնի երգչուհի Միրեյ Մաթյոն, Բաշկիրիայի Ֆ. Գասկարովի անվան ազգային պարերի Պետական ակադեմիական անսամբլը և ուրիշներ:
    Դիտվել է 1193 անգամ