Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիր՝ տիկնիկների միջոցով

04.25.2014


Ապրիլի 25-ին ՄոսկվայիՍերգեյ Օբրազցովի անվան կենտրոնական ակադեմիական տիկնիկային թատրոնում բացվեց Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Ցուցադրանքում տեղ են գտել այդ թատրոնում շեքսպիրյան առաջին՝ «Սխալների կատակերգություն» ներկայացման տիկնիկները, էսքիզները, հագուստները, ռեկվիզիտը, որոնց հեղինակը էստոնացի ռեժիսոր Ռեյնա Ագուրան է, ով իր ողջ ստեղծագործական կյանքը հիմնականում կապել է շեքսպիրյան ստեղծագործությունների հետ:

«Մեր թատրոնը չէր կարող շրջանցել մի այնպիսի իրադարձություն, ինչպիսին Մեծն Շեքսպիրի հոբելյանն է»,- ասել է թատերական թանգարանի պատասխանատուներից մեկը: Ագուրան կրկնելով Շեքսպիրի այն միտքը, որ աշխարհը բեմ է, մարդիկ դերասան, բացատրում է, որ այդ ամենը նա ձգտել է պատկերել տիկնիկների միջոցով, ըստ նրանց դիտանկյունի: «Տիկնիկն իր անմեղ, թափանցիկ մաքրությամբ դառնում է մարդկային տառապանքները և ուրախությունները կրող՝ առանց մեզ պարտադրելու սեփական դեմքն ունեցող ինչ-որ մեկին»,- նշել է Ռեյնա Ագուրան:

Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ նաև ռուսական տիկնիկային թատերական մշակույթի մեջ առաջին անգամ թափանցած շեքսպիրյան ստեղծագործություններին: Այդ պատմությունը սկիզբ է առնում 1927 թ.-ին: Այդ ժամանակ տիկնիկային թատրոնի ռուս հայտնի արտիստներ Նինա և Իվան Եֆիմովները սկսեցին աշխատել «Մակբեթ» ողբերգության առանձին տեսարանների վրա:

Մոսկվայի Օբրազցովի թատրոնն իր տեսակի մեջը աշխարհում ամենամեծն է: Այն հիմնադրվել է 1931թ.-ին: Հիմնադիրը ոլորտում հայտնի մասնագետ Սերգեյ Օբրազցովն է, ում անունն այսօր կրում է այդ մշակութային օջախը:

Այս թատրոնի հայտնի «Անսովոր համերգ » երգիծական ներկայացումը՝, որի համերգավարը խոսում էր 80 լեզվով, համարվում է ժանրի գլուխգործոց: Բեմադրությունը ներկայացումների քանակով գրանցում է ստացել Գինեսի ռեկորդների գրքում: Թատրոնի խաղացանկում այսօր կա 30 ներկայացում: Այն ունի երկու շենք, որոնցում երկու բեմերից բացի տեղավորված են մասնագիտական հարուստ գրադարանը և տիկնիկների թանգարանը:
    Դիտվել է 1136 անգամ