Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծանուն ռեժիսորին արգելել են ընկնել զգացմունքների գիրկը

05.20.2014


Այսօր, մայիսի 20-ին Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնում կկայանա Վլադիմիր Մարտինովի «Կանանց դպրոց » օպերայի պրեմիերան: Օպերա-բուֆ ժանրով բեմականացված ներկայացման ազդագրերում, սակայան, չի լինի այս բեմադրությունն իրականացնելու գաղափարը մտահղացած և մեկնարկը տված գլխավոր անձի՝ ռուսական արդի թատերական մշակույթի նահապետի՝ 96-ամյա Յուրի Լյուբիմովի անունը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Օպերան, որ իրենից ներկայացնում է երկու հեղինակների՝ Կոզմա Պրուտկովի և Մոլիերի ստեղծագործությունների միաձուլված տարբերակը, ավարտին է հասցրել ռեժիսոր Իգոր Ուշակովը, ով սկզբից ի վեր մասնակցել է բեմադրական աշխատանքներին:

Բանն այն է. որ բժիշկները Լյուբիմովին բեմադրության կեսից կտրուկ արգելել են ծանրաբեռնվել աշխատանքով և ընկնել զգացմունքային ապրումների գիրկը: Իսկ գործերը դադարեցնելն ու հարմար պահին կրկին շարունակելն արդեն անհնար է եղել և «Նովայա օպերա» թատրոնի տնօրինությունը որոշել է բեմադրության եզրափակիչ փուլն ամբողջությամբ վստահել Ուշակովին: Դրանից հետո Լյուբիմովը խնդրել է իր անունը հանել ներկայացման բոլոր ազդագրերից:

Ասենք որ Լյուբիմովը Իգոր Ուշակովի հետ ժամանակին աշխատել է նաև Մեծ թատրոնում՝ «Իշխան Իգոր» օպերան բեմադրելիս:
    Դիտվել է 1029 անգամ