Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղմուկ ամանորին՝ խաբեության պատճառով

01.07.2015

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի Դրամայի թատրոնի շուրջ մեծ աղմուկ է ծագել՝ կապված այն բանի հետ, որ հրավիրատոմս ունեցող հարյուրավոր քաղաքացիներ այդպես էլ չեն կարողացել իրենց երեխաների հետ դիտել թատրոնի ամանորյա ներկայացումը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «polit74.ru» կայքին:

Իսկ աղմուկի առաջացման հիմքում, ինչպես ամենուր և միշտ, ընկած են տեղական իշխանության մարմիններում ընտրվելու համար քաղաքական պայքարի մեջ մտած մրցակիցներին հաղթելու և քաղաքացիների առավել շատ ձայները ստանալու հետխորհրդային տարածքին բնորոշ «բարոյական» չափանիշները:

Բանն այն է, որ 850 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում նույն օրը և նույն ժամին կայանալիք ամանորյա ներկայացումը դիտելու նպատակով բաժանվել է ... 5 հազար հրավիրատոմս: Այդ հրավիրատոմսերը բաժանվել են տոնածառը Չելյաբինսկ մտնելուց դեռ ամիսներ առաջ, 2014թ.-ի սեպտեմբերի 14-ին կայացած Կենտրոնական շրջանի խորհրդի ընտրությունների նախօրեին:

Ինչպես գրում է կայքը, պատգամավորության 8 թեկնածուներից առավել հայտնին Վլադիմիր Ալեքսեևն է (այսօր արդեն պատգամավոր-խմբ), ում անվան հետ է կապված նաև երեխաների համար նախատեսված որոշ խաղահրապարակների անհետացումը քաղաքի տարածքից: Նույնիսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործընկերները նրան մեղադրել են մանկական խաղահրապարակները ապամոնտաժելու համար, որոնք, ի դեպ, տեղադրվել և մոնտաժվել էին իր իսկ նախաձեռնությամբ՝ նախընտրական քարոզչության ժամանակ: Ինքը, Ալեքսևը, ժխտում է խաղահրապարակների ապամոնտաժման մեջ իր մասնակցությունը:

Բայց դա Չելյաբինսկի բնակիչների դժգոհությունը չի մեղմացնում: Մարդիկ ցանկանում են պարզել, թե ում է անհրաժեշտ եղել և շահեկան թվացել ամանորից դեռ ամիսներ առաջ նույն ներկայացման համար այդքան շատ հրավիրատոմս տպելու և մարդկանց թյուրիմացության մեջ գցելու հանգամանքը:

Այս ամենից դժգոհ Դրամայի թատրոնի ղեկավարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Այժմ իրականացվում են ստուգումներ հավանական խարդախություն կատարելու փաստով: Թատրոնի ղեկավարությունը ժխտում է հրավիրատոմսերի այս խայտառակ պատմության մեջ իր առնչությունը: Ավելին, թատերախումբը նախապատրաստվում է լրացուցիչ ներկայացման՝ այն հանդիսատեսների համար, ովքեր նշանակված օրը այդպես էլ չեն կարողացել մուտք գործել թատրոն:
    Դիտվել է 828 անգամ