Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիշերը կնվիրվի թատրոն պատրաստող անտեսանելի վարպետներին

03.25.2016


Թատրոնի միջազգային օրվան նախորդող՝ մարտի 26-ի գիշերը, Մոսկվայում անցկացվելիք «Գիշերը թատրոնում» ծրագրի շրջանակներում կկայանա «Թատրոնների գիշերը» ակցիան, որն այս տարի նվիրված է բեմարվեստի այն նվիրյալներին առանց որոնց անհնար է պատկերացնել բեմական արվեստը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ն:

Խոսքն, անշուշտ, հանդիսատեսի համար անտեսանելի, բայց թատրոն պատրաստող բազմաթիվ վարպետների մասին է, ովքեր, սովորաբար, գործում են անդրկուլիսներում:

Միայն ընթերցելով այն ծրագիրը, որը առաջարկվում է մոսկովյան հանդիսատեսներին «Թատրոնների գիշերվա» մի քանի ժամերի ընթացքում այդ միջոցառման կազմակերպիչների կողմից, արդեն իսկ, կարելի է հստակ պատկերացում կազմել, թե որքան մոտ կկարողանան մերձենալ սովորական մարդիկ թատրոնի հետ՝ որպես մարդու մտքով, երևակայությամբ և ձեռքերով ստեղծվող երևույթի:

- «Նիկիտյան դարբասների մոտ» թատրոնում հանդիսատեսները «Աննա Կարենինա» ներկայացումը դիտելուց հետո հնարավորություն կունենան այցելել թատրոնի հանդերձարան, դերասանների դիմահարդարան, լուսավորության և ձայնային ձևավորման արտադրամասեր, դեկորացիաների պահեստ: Էքսկուրսավարների դերում հանդես կգան թատրոնի արտիստները:

- Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դերասանական հմտությունների մարզանքի, որը «Սովրեմեննիկ» թատրոնում կանցկացնեն ռեժիսոր Կիրիլ Վիտոպտովը և դերասանուհի Դարյա Բելոուսովան:

- Զբոսանք անդրկուլիսներում՝ երաժիշտների օգնությամբ: Էքսկուրսավարը կլինի «Տագանկայի վրա» թատրոնի ամենաավագ աշխատակիցը՝ նկարիչ-բուտաֆոր Վիտալի Պրուսակովը:

- «Մոսսովետի» անվան թատրոնի նախասրահը, թանգարանային սենյակը, հանդիսասրահը, բուտաֆորիայի պահեստը, լուսավորության, դիմահարդարման և բոլոր մյուս արտադրամասերը բաց կլինեն այցելուների առջև:

- «Գելիկոն-օպերա» թատրոնը հյուրերին կուղեկցի Շախովսկիների-Գլեբովների-Ստրեշնևների պատմական կալավածքում զբոսնելիս և կներկայացնի այդ կալվածքի և թատրոնի պատմությունը:

- Պուշկինի անվան թատրոնը կանցկացնի դերասան Ալեքսանդր Արսենտևի ստեղծագործական երեկոն, ապա էքսկուրսիա թատրոնի աշխատանքային տարածքում:

- «Սֆերա» թատրոնի բեմի ու անդրկուլիսի վարպետները կանցկացնեն վարպետաց դասեր՝ բաժանվելով դերասանների, դիմահարդարների, հանդերձավորողների, ռեկվիզիտորների, նկարիչների, լուսավորողների, ձայնային ռեժիսորների, գրաֆիկական դիզայներների, սցենոգրաֆների, պարողների խմբերի և ամենակարճ ժամանակահատվածում կբեմադրեն ներկայացում:

- «Պրակտիկա» թատրոնում հնարավոր կլինի դիտել «Ագաթան վերադառնում է տուն» ներկայացման տեսագրային և լուսային էֆեկտները:

- «Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի այցելուները հնարավորություն կստանան սկզբից մինչև վերջ ծանոթանալ թատրոնի գեղարվեստական-բեմադրական մասի և արտադրական արհեստանոցների աշխատանքներին:
- «Et Cetera» թատրոնում կկազմակերպվի ինտերակտիվ էքսկուրսիա: Այցելուները նաև կմասնակցեն կուլիսներից այն կողմ աշխատողների վարպետաց դասերին:

- «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում այցելուներին կծանոթացնեն թատերական հանդերձանքները պատրաստող կարի արտադրամասի աշխատանքներին:

- Երկիծանքի թատրոնում կանցկացվի հանդիպում թատրոնի նկարիչների հետ:

- «Հարավ-Արևմուտքի թատրոն»-ում հանդիսատեսները կիմանան, թե ինչ է կատարվում այնտեղ ներկայացումների ավարտից հետո, ինչպես են ապամոնտաժվում դեկորացիները, լույսի սարքավորումները վերադարձվում «ելման կետ», տեղավորվում հանդերձները:

- «Ստանիսլավսկու տան մոտ» թատրոնում հանդիսատեսները «կլոր սեղանի» ձևաչափով կզրուցեն հանդրձներ պատրաստող, լուսավորության և ձայնային վարպետների հետ:

Եվ էլի շատ այլ միջոցառումներ...
    Դիտվել է 1137 անգամ