Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակաբաշխության դափնեկիրները գալա համերգով հանդես կգան Փարիզում

04.27.2016


Այսօր Մոսկվայում, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի երաժշտական թատրոնում կկայանա պրոֆեսիոնալ պարի ոլորտում Ռուսաստանի միակ՝ «Դուշա տանցա» («Պարի ոգի») 22-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս մրցանակը հիմնվել է «Բալետ» հանդեսի և ՌԴ Մշակույթի նախարարության կողմից 1994թ.-ին: Այն ամեն տարի շնորհվում է խորեոգրաֆիայի վարպետներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, մանկավարժներին և պարի արվեստի նվաճումները լուսաբանող լրագրողներին:

Այս մրցանակին են արժանացել այդ ոլորտների բազմաթիվ անվանի ներկայացուցչներ:Այսօր «Դուշա տանցա»-ի մրցանակակիրների թիվը կավելանա ևս 15-ով:

Իսկ երկու օր հետո մրցանակաբաշխության դափնեկիրները համատեղ հանդես կգան գալա համերգով: Համերգն այս ձևաչափով առաջին անգամ կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաքում:

«Ինչպես հայտնի է ապրիլի 29-ը համարվում է պարի միջազգային օր: Այն հաստատվել է UNESCO-ի կողմից՝ ֆրանսիացի պարող, բալետմայստեր և տեսաբան Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը»,- նշել է «Բալետ» հանդեսի գլխավոր խմբագիր Վալերիա Ուրալսկայան: Նա նաև տեղեկացրել է, որ այդ համերգի կազմակերպման գործը իրականացվել է ռուսական խորեոգրաֆիայի հովանավոր Նիկոլայ Գրիշկոյի օժանդակությամբ, իսկ համերգը կկայանա Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը: Ծրագրում տեղ կգտնեն ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից խորեոգրաֆիական աշխատանքներ:
    Դիտվել է 924 անգամ