Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բ. Էյֆման. «Ներկայացումները ունեն հնանալու հատկություն և դա աքսեոմա է»

04.26.2017


Այսօր՝ ապրիլի 26-ին, Սանկտ-Պետերբուրգում ռուսաստանցի հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը կներկայացնի 1999 թ.-ին իր իսկ հեղինակած «Ռուսական Համլետ» հայտնի բալետի նոր բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Բեմադրությունը իրականացվել է Բեթհովենի և Մալերի երաժշտական ստեղծագործությունների հիման վրա և ներկայացնում ռուսական կայսրության պատմության հակասական կերպարներից մեկին՝ Պավել 1-ին կայսրին ու նրա կյանքը:

«Ներկայացումները ունեն հնանալու հատկություն և դա աքսեոմա է: Դրանց պլաստիկական լեզուն և բեմական նկարագիրը անխուսափելիորեն ձեռք են բերում հնության դիմագծեր: Ահա թե ինչու բեմ վերադարձնելով իմ հին բալետները, ես դրանք չեմ վերականգնում, այլ ստեղծում եմ նոր խորեոգրաֆիական վարկածներ՝ համարժեք իմ թատրոնի ժամանակակից մասնագիտական և տեխնիկական հնարավորություններին»,- ասել է Էյֆմանը պրեմիերայից առաջ:

Խորեոգրաֆը, որի համար այս նոր թատերաշրջանը հոբելյանական 40-րդն է, նաև նշել է, որ նորը բալետի մատուցման ձևն է, իսկ սյուժեն պահպանվել է նույնությամբ:

Ի դեպ նոր են նաև ներկայացման հերոսների հագուստները, իսկ դեկորացիաները կատարելագործվել են և ավելի հարմարեցվել ռուսական կայսերական միջավայրի չափանիշներին:

Ասենք, որ Սանկտ-Պետերբուրգում, նոր «Ռուսական Համլետը» ևս մեկ անգամ կցուցադրվի հուլիսի 3-ին, որից հետո, նույն ամսի 16-ին և 17-ին, Մեծ թատրոնում կներկայացվի Մոսկվացի հանդիսատեսներին:
    Դիտվել է 968 անգամ