Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրենց ներշնչանքը փնտրել են Բեռլինի «Շտազի» բանտում

09.25.2017

Անցյալ շաբաթ Հռոմում մեկնարկել է արվեստների նշանավոր «Romaeuropa» 16-րդ փառատոնը, որը հավաքում է աշխարհի լավագույն թատերական, պարային և երաժշտական կոլեկտիվներին:

Արվեստի այս մեծ տոնը ամերիկյան «Wall Street Journal» հանդեսը անվանել է «եվրոպական մշակութային փառատոների մեջ լավագույներից մեկը: 2017թ.-ի «Romaeuropa» 16-րդը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին, իսկ կեզրափակվի դեկտեմբերի 2-ին:

Փառատոնի բացման պատիվը տրվել է գերմանացի հայտնի խորեոգրաֆ Սաշա Վալցի «Kreatur» նոր բեմադրությանը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի «Radialsystem» մշակութային կենտրոնում: Այն արվեստագետի խոհերի ու մտորումների յուրահատուկ դրսևորումն է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մարդկությունը և ուր է այն գնում:

Հետաքրքիր է, որ աշխատանքի ընթացքում Վալցը և ներկայացման մեջ զբաղված 14 արտիստները, ինչպես նաև երաժշտական մասը ապահովող «Soundwalk Collective» խումբը իրենց ներշնչանքը փնտրել են Բեռլինի «Շտազի» բանտում: Այնտեղ ստացած մարմնական ու ձայնագրված իմպուլսները զգալի սրբագրումներ են կատարել ներկայացման և երաժշտական ձևավորման մեջ:

Բեմադրության հագուստների հեղինակը նորաձևության հոլանդացի դիզայներ Իրիս վան Հերպենն է, որը հայտնի է Լեդի Գագայի և Բյորկի հագուստների հեղինակությամբ: Այս ներկայացման մեջ նրա ստեղծած զգեստները մասնագետների գնահատմամբ անցել են «կոշտ ռեալիզմի» սահմանները: Ոչ ավանդական նյութերով, 3D տպիչի օգնությամբ իրականացված երևակայությունը կանխորոշել է բեմում սցենոգրաֆիական կարկասի բացակայությունը: Սաշա Վալցը նորաձևության դիզայների այս գործը անվանել է «քանդակագործական աշխատանքներ»:

Ներկայացումը ընթանում է առանց ընդմիջման, թեև բաժանված է երեք հսկայական դրվագների:

Առաջին դրվագում օճառափրփուր հիշեցնող նյութով թաթախված ինչ-որ կիսամերկ էակներ գրմռոցների ու աղմուկի մեջ ցնցվում ու ջղակցկվում են, շոշափելով մեկը մյուսի մոտ տանող ճանապարհը: Սա մարդկային մարմնի և մկանային հյուսվածքների մարզվածության յուրահատուկ մի ցույց է, որտեղ սակայն շարժումից-շարժում անցումներում կա դիտավորյալ անբնականություն և սրություն:

Երկրոդ դրվագում արտիստների շարժումները դառնում են պլաստիկ, մերձենալով նույնիսկ ակադեմիական պարի պլաստիկային:

Իսկ լույսի խաղի միջոցով մարմինները ստանում են մարմարի տեսք, որոնք երբեմն երբեմն հիշեցնում են դասական քանդակներ և նույնիսկ գեղանկար: Այստեղ արդեն դրանք ոչ թե ինչ-որ էակներ են, այլ իրենց հավերժական վախերով ու բնազդներով մարդիկ :

Ներկայացման եզրափակիչ մասը Սերժ Գենսբուրգի «Je t’aime… Moi non plus» հանրամատչելի երաժշտության վրա է կառուցված, որն, ի վերջո, «Ուր է գլորվում աշխարհը» մռայլ հարցին տալիս է միանշանակ պատասխան՝ դեպի գլամուր:
    Դիտվել է 836 անգամ