Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկզբում գնիր տոմս, հետո՝ նոր ներկայացման ակնկալիքներ փայփայիր

10.26.2017

«Ընդհանրապես, կառավարությունը մոռանում է այն մասին, որ արվեստը, մասնավորապես՝ թատրոնը, ըստ էության ամենուրեք տնտեսապես վնասաբեր է: Եվ երբ դուք լսում եք այն մասին, որ մեր առավել հաջողակ ինչ-որ թատրոններ աշխատում են խելահեղ փողեր, ապա այդ ամենը, սոսկ, հանգամանքների հաջող դասավորություն է: Թատրոնը, որը գործում է հանդիսատես ունենալու հաշվարկով և ոչ մի տեղ չի մեկնում հյուրախաղերի, ինքը այդ խնդիրը լուծել չի կարող»,- «Teatral» հանդեսին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Նոր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Դոլգոչյով:

Նրա ղեկավարությամբ գործող թատրոնը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնը պարագծող Սադովոյե կալցոյից դուրս: Այն իր գործունեության առանձնահատկություններով և, նույնիսկ, ճակատագրով ավելի շատ համեմատելի է գավառում գործող թատրոնների հետ և, ըստ էության քիչ ընդհանություններ ունի մայրաքաղաքի նշանավոր օղակաձև փողոցի ներսում իրենց տեղն ունեցողների համեմատությամբ:

Նոր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը բողոքում է, որ դրսում հանդես գալու հնարավորություն ունենալը բավականին բարդ է: Որպեսզի ֆինանսավորում ստանան նախ պետք է կարողանան ընդգրկվել հյուրախաղերի պետական ծրագրի մեջ: Իսկ սեփական ուժերով թատերախմբին քաղաքից դուրս տանելը իրատեսական չէ:

Դոլգոչյովը նշում է, որ նախկինում այդ խնդիրն այլ կերպ էր լուծվում, քանի որ հյուրախաղերը ֆինանսավորում էր պետությունը, իսկ այսօր դա արտոնված է միայն ընտրյալ թատրոններին: Մյուս թատրոնները պարզապես արտագնա ելույթների մեկնելու և դրամ աշխատելու հնարավորություն չունեն:

Թատրոնի ղեկավարը այս անելանելի վիճակից դուրս գալու համար ելքը տեսնում է շատ յուրահատուկ լուծման մեջ:

Նրանք որոշել են այսուհետ յուրաքանչյուր նոր ներկայացում պատրաստել հանդիսատեսների ֆինանսավորմամբ: Տեխնալոգիան շատ պարզ է: Սկզբում հայտարարվում է պատրաստվող նոր ներկայացման մասին և դրա համար կազմակերպվում է տոմսերի վաճառք: Երբ անհրաժեշտ քանակով տոմսերը վաճառվում են և բեմադրության համար ձևավորվում է անհրաժեշտ ֆինանսական հիմք, սկսում են ներկայացումը պատրաստելու ուղղությամբ աշխատանքները: Այդ եղանակով մինչև տարեվերջ նրանք հույս ունեն, օրինակ, բեմադրելու մանկական «Մորոզկո» նոր մյուզիքլը:
    Դիտվել է 824 անգամ