Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանիայի թատերական իրականության մեջ շատ բան է փոխվել

08.21.2018

Այսօր, օգոստոսի 21-ին, Մոսկվայում մեկնարկել է թատերական մանկական ներկայացումների «Գավրոշ» փառատոնը: Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ամեն տարի այս թատերական միջոցառումը նվիրված է, որևէ մեկ երկրի: Այս անգամ այդ երկիրը Գերմանին է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ փառատոնի արթ-տնօրեն Մարինա Ռայկինայի, գերմանացի արտիստները Մոսկվա են բերել «ամբողջական ժանրային ներկապնակ»: Բոլոր թատրոններն առաջին անգամ են հանդես գալու մոսկվացի հանդիսատեսների առջև: Նա հիշեցրել է, որ 2019թ.-ին կտոնեն աշխարհում մեծ ազդեցություն ունեցող Բաուխաուս ճարտարապետական-գեղարվեստական երևույթի 100-ամյակը: Այդ առթիվ ներկայացումների ցանկում կա Դյուսելդորֆ քաղաքի «Ձայների թատրոնում» Բաուխաուսի հիման վրա կառուցված «Մեխանիկական բալետ» վերնագրով ներկայացումը: Այս բեմադրությունը իրականացվել է ըստ Բաուխաուս դպրոցի 1923 թվականներին կատարված էսքիզների և հասցեագրված է դպրոցական կրտսեր տարիքի հանդիսատեսների համար:

Փառատոնում հանդես կգա գերմանացի հայտնի տիկնիկախաղաց Ֆրանք Զյոնլեն, որն իր գեղարվեստական ղեկարությամբ գործող Թյուբինգեն թատրոնի խմբի հետ կներկայացնի առանց խոսքերի «Ջրի տակ» բեմադրությունը:

Հետաքրքիր է լինելու նաև գերմանացի արտիստների մեկնաբանությամբ չեխովյան «Կաշտանկայի» բեմադրությունը, որը հատկապես աչքի է ընկնում իր երաժշտական էքսցենտրիկ կառուցվածքով, որտեղ հերոսները երաժիշտներ են, իսկ նրանց գործիքներից յուրաքանչյուրը համապատասխանում է այս կամ այն կերպարին:

Ասենք, որ սա «Գավրոշ» փառատոնի շրջանակներում գերմանիային նվիրված երկրորդ միջոցառումն է: Մարինա Ռայկինան նշել է, որ անցած 6 տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաև Գերմանիայի թատերական իրականության մեջ: Ծնվում են նոր կոլեկտիվներ, նոր ներկայացումներ: «Ցանկություն է առաջանում ցուցադրել նոր միտումները, այն կոլեկտիվներին , որոնք 6 տարի առաջ չէին ներկայացվել»,- նշել է նա:

Ասենք, որ գերմանական թատերախմբերը ներկայացումներ են նախատեսել նաև 2-ից բարձր տարեկան անչափահասների համար: Կազմակերպիչները և գերմանացի արտիստները հաշվի են առել նաև 10-11 տարեկան երեխաների պահանջարկը, որոնց մասին թատերական ռեժիսորները, ասենք նաև՝ ռուսաստանցի դրամատուրգները, հաճախ մոռանում են:
    Դիտվել է 922 անգամ