Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսկ Լաուրան պատրանքներ է փայփայում

02.01.2019

Ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ևս մեկ հանրահայտ ստեղծագործություն տեղ կգտնի Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի խաղացանկում: Չմարող հաջողությամբ ցուցադրվող «Ցանկությունների տրամվայ» ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Ռոզովսկին անդրադարձել է դրամատուրգի ոչ պակաս հանրահայտ մեկ այլ պիեսի՝ «Ապակե գազանանոց»-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Սա մի պատմություն է մարդկային միայնակության, գաղափարների հակադրության և դաժան իրականության վերաբերյալ ունեցած պատրանքների մասին:

«Թենեսի Ուիլյամսը գրել է գրեթե այն նույն բանի մասին, ինչին անդրադարձել է Չեխովը «Քեռի Վանյա» պիեսում՝ ակամա միայնակություն, և մարդու անկարողություն կյանքի մատուցած հանգամանքների առաջ»,- ասել է Ռոզովսկին:

Ըստ ռեժիսորի սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնք ղեկը չեն կարողանում շրջել դեպի երջանկություն տանող ճանապարհ:

Պիեսի բոլոր հերոսները դժբախտ են: Ռեժիսորի կարծիքով դա բխում է այն իրողությունից, որ նրանք կարծես իրենց գոյությամբ դատապարտված են անբավարարվածության: Այդ դատարկությունից դուրս գալու ցանկություն ունի ներկայացման հերոս Թոմը: Դրանից սիրո միջոցով դուրս գալու պատրանքներ է փայփայում նաև ներկայացման հերոսուհին՝ Լաուրան: Իսկ համառ Ամանդան մայրական ողջ բնազդով փորձում է փրկել իր ընտանիքը քայքայումից:

Թենեսի Ուիլյամսը պատմել է երազանք ունենալու ցանկության և այն բանի մասին, թե որքան կարևոր է գնալ սեփական երազանքի ետևից՝ երբեք չշեղվելով դեպի խաբուսիկ փարոսները...

«Մեր ներկայացումը բարձր արժեքով խոր հոգեբանական թատրոնին վերադառնալու փորձ է: Այդ փորձը պահանջում է հզոր դերասանական պարպումներ և ես հուսով եմ, որ հանդիսատեսը լիարժեք հիացմունք կապրի մեր արտիստների խաղից»,- ասել է Մարկ Ռոզովսկին:

Ներկայացման մեջ ներգրավված են երկու դերասանական կազմ:

Պրեմիերային ներկայացումները կկայանան փետրվարի 8-ին և 9-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 978 անգամ