Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանկության և ավարտի միջև՝ ըստ դասականի

11.27.2020


Իր հանդիսատեսների համար յուրահատուկ թատերական փորձարկում Է նախապատրաստում Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկա թատրոնը: Նոյեմբերի 29-ին այստեղ կմեկնարկի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ընդհանուր խորագիրը կրող մի նախագիծ, որի համար հիմք է հանդիսանում համաշխարհային գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Մարսել Պրուստի ստեղծագործությունների 7 հատորյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դասականի երկերի ժողովածուն կներկայացվի թատերական բեմադրությունների մի քանի մասերով: Ռեժիսոր Դենիս Խուսնիյարովը և դրամատուրգ Ասյա Վոլոշինան իրենց այս նոր բեմական ստեղծագործությունն անվանում են թատերական սերիալ և կարծում են, որ իրենք հանդիսատեսին են մատուցում Պրուստի ստեղծագործությունների «ինտերակտիվ քարտեզը»:

Այս բեմական ստեղծագործության առաջին մասը ունի մի բառի մեջ երկու իմաստ պարունակող վերնագիր, որը ռուսերեն արտահայտվում է «Свер[ш/ж]ение романа» ձևով, որը հայերեն, թերևս, թարգմանվում է «Վեպի արարում/խորտակում» ձևով:

Հեղինակները ներածության սյուժեում դրել են տեքստ ստեղծելու գործընթացը, այսինքն ինչպես է կյանքից «վերաձուլվում» արվեստը: Դրա համար նրանք որպես ասելիքը հյուսելու հենարան վերցրել են կամարի կառուցվածքը, որը մի կողմում հենվում է մանկության գիտակցության, իսկ մյուս կողմում՝ կյանքի ավարտի այն պահի վրա, երբ հեղինակը վճռում է գրել վեպ:

«Շատ կարևոր էր գտնել հիշողության միաժամանակության թատերական համարժեքը: Հերոսի կյանքը, պատմողի կյանքը, հեղինակի կյանքը ձգվում են 7 հատոր, սակայն հիշողության մեջ վեր հառնող իրադարձությունների միջև «հեռավորություն» չկա: Կարելի է մի ակնթարթ հիշել մանկությունից, ապա՝ նախավերջին ակնթարթը ու ազատ տեղավորվել դրանց արանքում, դրանց ներսում: Հենց այդ զգացողությունը փոխանցելն է ամենակարևորը»,- նշել է բեմադրության ռեժիսոր Խուսնիյարովը և ավելացրել, որ սա իր կողմից փորձ է՝ փորձի մեջ:

Հավելենք, որ այս նախագիծը պետերբուրգյան «գլխավոր» թատրոնն իրականացնում է «Չորս ժամանակակից ռեժիսուրա Կամեննայա կղզու թատրոնում» ծրագրի շրջանականերում:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 948 անգամ