Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեման Ռուսական կայսրության կործանումն է...

03.18.2021

Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնը պատրաստել է բեմադրություն Ռուսաստանի 20-րդ դարասկզբի պատմության մեջ յուրահատուկ հիշատակ թողած Գրիգորի Ռասպուտինի մասին: «Ռասպուտինի գաղտնիքը» վերնագրով ներկայացման պիեսի հեղինակը և բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Ռոզովսկին է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:

Հայտնի ռեժիսորն այս նոր աշխատանքը պատրաստել է մյուզիքլի ժանրով: Այն «վավերագրական հիմքով ֆանտազիա է», որը դրամատուրգ Ռոզովսկու նախընտրած ժանրն է և անդրադառնում է ռուսական կայսրության կործանմանը:

Ռասպուտինի կերպարը ցինիզմի, դիվայնության հետ միահյուսված անկեղծության մի խառնուրդ է, որն առավել արտահայտիչ երանգներ է ձեռք բերում Ռուսական կայսրության համար ճակատագրական և դրամատիկ պատմական ֆոնի վրա:

«Մեր ներկայացման գլխավոր թեման Ռուսական կայսրության կործանումն է, Ռոմանովների 300-ամյա տան մահը, միաժամանակ թե մարդկային և թե պատմական ողբերգությունը» նշել է ռեժիսորը:

Որոնք էին այդ գլոբալ իրադարձությունների պատճառները, որոնք կանխորոշել են Ռուսաստանի առաջիկա տասնամյակների ճակատագիրը: Ըստ Ռոզովսկու, դրանք երեքն են՝ 1. Առաջին համաշխարհային պատերազմը. 2.Ռասպուտինը և նրա կործանարար դերը ցարական արքունիքում, 3. Հեղափոխությունը որպես արյունահեղության ոճիր Ռուսաստանի կենսագրության մեջ:

Բեմադրության հեղինակի կարծիքով այսօր պարզ է, թե ինչպես են այդ պատճառները միահյուսվել և ստացել ամեն ինչի հրեշավոր հեղաբեկման տեսք:

«Մեզ համար օգտակար է մտորել 20րդ դարի առաջին քառորդում պատահածի մասին, ձգտել հասկանալ ինքնակալության սխալները և դասեր քաղել խելակորույս ջղաձգումների մեջ հայտնված պետության վիճակից»,– նշել է Ռոզովսկին:

Նա նաև նշել է, որ մյուզիքլի ժանրային առանձնահատկություններից ելնելով, բնականաբար, բեմադրությունն ունի իր յուրահատկությունները և, ի տարբերություն պատմության դասագրքերի, առավել շատ հասցեագրված է հանդիսատեսի զգայական ընկալումներին, որի համար գերադասելին երկրի պատմության մասին ճշմարտությունն իմանալն է:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 658 անգամ