Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դրամատուրգիայի նոբելյան մրցանակ»-ը՝ գերմանացի գրողին

03.21.2014

Ոչ պաշտոնապես «Դրամատուրգիայի նոբելյան մրցանակ» համարվող Իբսենյան միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել դրամատուրգ և գրող Պետեր Հանկեն: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Մրցանակակրի անունն ավանդաբար հայտարարվում է մարտի 20-ին՝ Հենրիկ Իբսենի ծննդյան օրը: Իբսենյան մրցանակը աշխարհում ամենանշանավոր թատերական մրցանակն է, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար եվրո: Դրան արժանանում է այն թատերական գործիչը, ով «օժանդակում է Իբսենի ստեղծագործությանը ներհատուկ արվեստի վերականգնման ոգուն»:

Պետեր Հանկեն ժամանակակից գերմանական գրականության նշանավոր դեմքերից է: Նա հայտնի է դարձել1966թ.-ին իր առաջին վեպը՝ «Շերշնին» հրապարակելուց հետո: Նրա հայտնի գործերից են նաև «Դարպասապահի վախը 11 մետրանոց տուգանային հարվածից», «Քամին և ծովը» և շատ այլ ստեղծագործություններ: Նա հանդիսանում է ռեժիսոր Վիմ Վենդերսի «Երկինքը Բեռլինի վրա» ֆիլմի սցենարի հեղինակը: Ֆրիդրիխ Շիլլերի և Թոմաս Մաննի անվան մրցանակների դափնեկիր է,արժանացել է Սերբիայի հանրապետության «Վաստակի համար» շքանշանի, գրականության գծով Ավստրիայի պետական մրցանակի դափնեկիր է և այլն:

Իբսենյան մրցանկը հիմնադրվել է Նորվեգիայի կառավարության կողմից՝ 2007 թ.-ին: Այս մրցանակին առաջինն արժանացել է Պիթեր Բրուքը (2008թ.):

Մինչև 2010թ.-ն այս մրցանակը շնորհվում էր յուրաքանչյուր տարի, իսկ դրանից հետո որոշվեց այն տալ երկու տարին մեկ: Պարգևատրության արարողությունը ավանդաբար տեղի է ունենում իբսենյան թատերական փառատոնի օրերին, սեպտեմբերին՝ Օսլոյում:

Իբսենյան մրցանակի հանձնաժողովը կազմված է 7 հոգուց՝ քննադատներից և թատերական փորձագետներից: Նրանցից յուրաքանչյուրը հրավիրվում է Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից՝ 4 տարի ժամկետով: Ներկա պահին մրցութային հանձնաժողովը ղեկավարում է Նորվեգիայի Ազգային օպերայի տնօրեն Պեր Բո Հանսենը:
    Դիտվել է 1153 անգամ