Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես նվիրված «Ոսկե դիմակ»-ին

04.16.2014


Ռուսական ժամանակակից թատրոնի ձևավորման և զարգացման պատմությունն է արտացոլված «Ելք դեպի թատրոն» խարագիրը կրող ցուցահանդեսում, որը բացվել է Մոսկվայի հանրահայտ «ГУМ» հանրախանութում և նվիրված է ապրիլի 18-ին կայանալիք «Ոսկե դիմակ» փառատոնին: 2014թ.-ին այս փառատոնը նշում է իր 20 ամյակը:

Ցուցադրանքում ռուսական թատրոնների ու դերասանների տարբեր ժամանակաների լուսանկարներն են: Ինչպես բնութագրել է այս ցուցահանդեսը ՌԴ ժողովրդական դերասան Եվգենի Միրոնովը «ГУМ»-ի ցուցահանդեսը երկու ռուսական հիանալի փառատոների միասնություն է, որն անշուշտ կդառնա գեղեցիկ սիրավեպի սկիզբ: Նա նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկա ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե դիմակ»-ի և «Կեռասի այգի» բաց փառատոնի ուժերի համատեղմամբ:

Ըստ կազմակերպիչների մտահղացման, հանրախանութի առաջին գծում, երկու կողմերից կեռասի ծաղկած ծառերի միջև ձգվող տարածքի երկայնքով կառուցվել է բեմ, որի վրա տեղադրվել են ռուսական ամենահայտնի թատրոնների վարագույրների և հանդիսատեսներին լավ ծանոթ ներկայացումների դեկորացիաների գունավոր մեծադիր լուսանկարները:

Դրանց մեջ ազատ հերթկանությամբ տեղադրված են «Ոսկե դիմակ»-ի և Օլեգ Յանկովսկու անվան «Կեռասի այգի» բաց փառատոնի դափնեկիրների ամբողջ հասակով մեկ արված սև-սպիտակ լուսանկարները:Ուրախ և լուրջ, մտախոհ և հեգնական դեմքեր ընդունած դերասանները հիմնականում նկարվել են հատուկ այս ցուցահանդեսի համար: Այս նկարների մեջ կարելի է հանդիպել նաև աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի, պարուսույց Աննա Սիգալովայի, Նկարիչ Պավել Կապլևիչի և այլոց լուսանկարին:

«Բեմի վրա է հավաքված մեր մշակույթի՝ թատրոնի և կինոյի ողջ սերուցքը: Եվ որքան լավ է, որ «Ոսկե դիմակ» և «Կեռասի այգի» փառատոները շարունակում են առաջ տանել մեր մշակույթը» ,- «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին ասել է ՌԴ-ի առաջին նախագահի այրին՝ Նաինա Ելցինան:

Ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակը հիմնադրվել է 1994թ.-ին՝ Ռուսաստանի թատերական գործիչների միության կողմից, որպես մասնագիտական պարգև տարվա ընթացքում եղած բոլոր տեսակի թատերական արվեստի դրսևորումների համար (օպերա, դրամա, բալետ, ժամանակակից պար, օպերետ և մյուզիքլ, տիկնիկային թատրոն):

Մրցանակակիրները որոշվում են պոտենցիալ մրցանակակիր թատրոնների ներկայացումների փառատոնի ժամանակ, որն այս տարի անցկացվում է Մոսկվայում: Այն մեկնարկել է հունվարի 25-ին ՌԴ Մշակույթի նախարարության և Մոսկվայի քաղաքային իշխանությունների օժանդակությամբ: Մրցանակների հանձնումը հաղթողներին կկատարվի հանդիսավոր արարողությամբ՝ ապրիլի 18-ին, Մեծ թատրոնում:

Փառատոնին նվիրված ցուցահանդեսը կընթանա մինչև մայիսի 31-ը:
    Դիտվել է 1154 անգամ