Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակաբջիջ

Արշակ Սեմիրջյան
Հակաբջիջ
Մոնոպիես 1 գործողությամբ


Գործող անձ
ՄԼԵ – կոշկակար

Մլեի կոշիկի վերանորոգման արհեստանոցը: Կենտրոնում սեղանն է, որի վրա դրված են տարբեր տեսակի գործիքներ և ռադիո: Պատից կախված է Տիգրան Մեծի նկարը: Մլեն, սեղանի մոտ նստած, կոշիկ նորոգելով՝ քթի տակ ինչ-որ հայրենասիրական երգ է երգում: Կոշիկը դնում է սեղանին և միացնում ռադիոն: Լսվում է մշակութային ինչ-որ հաղորդաշարի վերջնամաս, որին հաջորդում է քաղաքական հաղորդում: - «Բոլոր կուսակցությունները սարսափած են, քանի որ Վարչապետը…»: (Ռադիոյի ձայնը խզվում է և լսվում խշշոց):
ՄԼԵ - Սրա՞ն ինչ եղավ… Ամեն անգամ էսպիսի կարևոր պահերին անջատվում է: Մարդ չի հասցնում լսել՝ ինչ արեց, ինչու արեց, երբ արեց, որտեղ արեց: (Հարվածում է ռադիոյին: Լսվում է թուրքական մուղամի ձայն): Միայն է՜ս էր պակաս… (Անջատում է ռադիոն): Բա մեր երկրո՞ւմ էլ սա միանա… Բա հարգանքն ու պատիվն էլ ո՞ւր մնացին… (Վերցնում է նոր կոշիկ և վերանորոգում): Բա մենք էդ ա՞զգն ենք… Մեզանով են հպարտացել… Մեզանից են օրինակ վերցրել… (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Չէ՞, շեֆ ջան… Հա, բա ո՜նց… Ես գիտեմ՝ դու էլ ես ինձ հետ համաձայն: Հեռվից հեռու լսում ես, տառապում, բայց հավատում ես, որ օրերից մի օր նորից ծովից-ծով Հայաստան ենք ունենալու: (Պատահաբար մուրճով հարվածում է մատին): Վա՜խ… Էդքան էլ՝ ճիշտ: (Նորից միացնում է ռադիոն: Լսվում է խշշոց: Բարկացած հարվածում է ռադիոյին): Տո՛ քո հերն անիծեմ… Չես միանում, մի միացիր: (Անջատում է ռադիոն): Ոնց որ պատվերով լինի սրա աշխատելը… Երբ ուզում է՝ միանում է, երբ ուզում է՝ անջատվում: Տո՛ էս երկրում ի՞նչն է կարգին աշխատում, որ սա աշխատի: Ա՛յ մարդ, լրիվ սուտ է… Աշխարհն էլ է սուտ, մարդկությունն էլ է սուտ, պատիվն էլ է սուտ: Չէ՛, չէ՛… Պատիվը սուտ չէ… Պատիվը մահից հետո էլ է ապրում: (Ձեռքը հիասթափված թափ է տալիս): Ինձ ո՞վ կբացատրի կյանքի իմաստը… Ո՞վ… Տո ո՞վ գիտի, որ ով էլ բացատրի: Էս կյանքում ինչ-որ մի բան իր տեղում չէ: Այ թե ինչը՝ չգիտեմ: Տո միայն ե՞ս եմ, որ չգիտեմ… Չէ, Մլե ջան, դու շատ-շատ ես փորձել հասկանալ, թե որտեղ է գաղտնիքը, բայց ոչ մի կերպ չի ստացվել: Շատ գիտնականներ են «գլուխ ջարդել», որ բացահայտեն էդ հանելուկը, բայց մինչ օրս անհայտ է մնացել մարդկության համար: Միայն Աստված գիտի, թե ինչու է կյանքն էսպիսին ստեղծել: Ինքը ստեղծել է, ինքն էլ էդ հարցի պատասխանը ոչ մեկին չի ասել: Հե՜յ գիտի, Աստված ջան, թե ինչեր ես մտածել: Բայց դե, որ էդպես ես մտածել, ուրեմն մի բան գիտես: Քո գործերն անքննելի են: Ոչ ոք իրավունք չունի քննադատելու: (Դարակից հանում է օղու շիշն ու բաժակը և լցնում): Քո կենացը, Աստված ջան: Ես ո՞վ եմ, որ քո փոխարեն որոշեմ կյանքի ճիշտն ու սխալը: (Խմում է): Ուխա՜յ… Էս ի՜նչ լավ էր… Վա՜յ, օրհնվի էս օղի ստեղծողը, հա՜… Ի՜նչ դարդ ու ցավ ունես՝ մոռացության է տալիս: Տո չէ, է՜… Էս էլ մի բան չէ… Մի բան մոռանում ես, մի բան՝ հիշում: Տո մարդ, ո՞րը մոռանա, ո՞րը հիշի… Էնքա՜ն բան կա… Շատերն անիմաստ ուրախանում են ու ծիծաղում: Տո ինչների՞դ վրա եք ուրախանում: Մեկը լինի հարցնի՝ ինչների՞դ վրա եք էդպես երջանիկ: Միայն անխելք մարդը կուրախանա ու անհոգ կապրի էս կյանքում: Ես էլ կուզեի անհոգ ու երջանիկ ապրել: Կուզեի, ո՜նց չէի ուզի… Ուրիշներից ինչո՞վ եմ պակաս… Բայց ինչի՞ վրա ուրախանամ… Պիտի գիժ լինեմ, հոգեկան հիվանդ, որ էսքան դարդերի ու ցավերի մեջ ծիծաղեմ ու պարեմ: (Վեր է կենում ու պարում): Ա՛յ էսպես ձեռքերս բարձրացնեմ, բերանս հարավ-հյուսիս բացեմ և ուրախանամ: (Նստում է): Բա չէի՞ ուզի էսպիսի մի գիժ էլ ես լինեի: Կուզեի, ո՜նց չէի ուզի… Պիտի գիժ լինեի, որ չուզեի: Ախր, պատմություն ենք կերտել, հզոր անուններ ենք ներկայացրել աշխարհին, իսկ հիմա ի՜նչ օրի ենք հասել: Մենք ենք շատ ազգերի հիացմունքի առիթ դարձել: Շատերի համար մենք ենք օրինակ եղել: Տո ինչի միայն հիացրե՞լ ենք… Բա վա՞խը… Մեզանից շատերն են վախեցել: Մեր առաջ շատերն են գլուխ խոնարհել: Իսկ հիմա՞… Ահա՜… Որ հիշում եմ՝ ցավս ու տառապանքս նորից գլուխ են բարձրացնում: Ով ինչ անում է, միայն իրեն է անում: Հա, բա ո՜նց… Մենք մեզ ներսից հոշոտեցինք, կտոր-կտոր արեցինք ու բաժանեցինք իրարից: Օտարներն էլ տեսան, որ չենք կարողանում գնահատել մեր արժեքները՝ խորամանկ աղվեսի նման, կամաց-կամաց մոտեցան ու մեր ունեցածը հավաքեցին ու իրենցով արեցին: Բա էսքանից հետո, էլ ո՞նց ամուր մնայինք: Ամուր լինելու համար՝ ամուր հիմք էր պետք, իսկ էդ ամուր հիմքը մենք դարերով էինք ժառանգել: (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Քո շնորհիվ, շեֆ ջան: (Օղի է խմում): Է՜հ… Պատկերացնում եմ, թե հիմա ո՜նց ես բարկացած մեր ազգի վրա: Ախր, էդ ամուր հիմքը դու էիր մեզ ժառանգել, իսկ մենք՝ չգնահատեցինք: (Նորից օղի է խմում): Կենացդ, շեֆ ջան… Հիմա նայում եմ աչքերիդ և ուզում եմ ամոթից մեռնել: Բայց ի՞նչ անեմ… Ախր, ի՞նչ կարող եմ անել, որ չեմ անում… Հը՞ն… Ասա՝ ո՞նց անեմ, էդպես էլ անեմ: Իմ մեղքը ո՞րն է, որ էդպես բարկացած նայում ես ինձ: Ողջ կյանքս էնպես ապրեցի, որ միշտ բարձր պահեմ ազգիս պատիվը… Քո պատիվն էլ՝ հետը… Գիտե՜մ… Գիտեմ, թե հիմա ինչ ես մտածում… Հաստատ մտածում ես, որ քո գործի շարունակողը ես պիտի լինեի: Ախր, ես էս խեղճ ու կրակ վիճակում ո՞ր մեկի դեմ պայքարեմ: Ես՝ մենակ, նրանք՝ անթիվ-անհամար: Հաշվում-հաշվում եմ՝ ազգի դավաճանների վերջը չի էլ երևում: Հա, ես էլի քո հետնորդն եմ, հո չե՞մ հրաժարվում: Ամեն բան փորձում եմ անել, որ դարերով եկած մեր սովորույթները պահեմ ու պահպանեմ, որպեսզի ազգը չկործանվի՝ ընկնելով էդ արտասահմանյան մոդաների հետևից: Էդ զռտի-պռտի բաներից հեռու պիտի մնանք: Ինչքան՝ հեռու, էնքան՝ լավ: (Օղի է խմում: Մի փոքր գինովցած է): Շեֆ ջան, դու երբեք չմտածես… Քանի ես կամ՝ քո անվան հետ ոչ ոք չի կարող խաղալ: Մեկ առ մեկ ոտքիս տակ կգցեմ ազգի բոլոր դավաճաններին: (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Ո՜ւֆ… Էդպես բարկացած մի՛ նայիր… Ախր, հասկացիր, որ ես էլ եմ մարդ: Ես էլ եմ վախենում քո ջղային հայացքից: Հասկացա, որ ես քո հետնորդն եմ, բայց մի մոռացիր՝ քարից չեմ: (Գլուխը թեքում է դեպի սեղանը և շարունակում կոշիկի վերանորոգումը: Սպիտակ գույնի կոշիկը դնում է հատակին և այնտեղից վերցնելով սև գույնի կոշիկ՝ շարունակում է աշխատել): Ա՛յ մարդ, չեմ հասկանում… Մենք էս ի՞նչ ազգ ենք: Բնությունը մեզ էդքա՜ն գույներ է տվել, որ կյանքներս գույների մեջ անցնի, իսկ մենք ի՞նչ ենք անում… Էս աշխարհում ուրիշ գույնի կոշիկ չկա՞: Ով մոտս կոշիկ է բերում, միայն սև ու սպիտակ է: Մեր կյանքը միայն սև ու սպիտակի մեջ ենք պատկերացնո՞ւմ: Մենք էս ի՞նչ մարդ ենք… Մենք էս ի՞նչ ազգ ենք… Սև-սպիտակ, սև-սպիտակ… Տո զզվացրի՛ք, էլի… Ինչքա՞ն կարելի է: (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Շեֆ ջան, դու ի՞նչ գույնի կոշիկ ես հագել: (Լռություն): Ա՛յ տեսնո՞ւմ ես, շեֆ, թե որտեղից է գալիս մեր դժբախտությունը: Էստեղի՛ց… Հա՛, հա՛… Հե՛նց էստեղից… Մենք սովոր չենք ապրել գույների մեջ, սիրել բնությունն ու բազմազանությունը: Մեզ համար քառակուսի ենք ստեղծել, մտել մեր ստեղծած քառակուսու մեջ ու մեզ թվում է, թե երջանիկ ապրում ենք: Ապրո՞ւմ… Չէ, չենք ապրում… Միայն օրերն ենք գլորում: Ա՛յ հենց էդ անգիտակցված քայլերից էլ գալիս է մեր դժբախտությունը: Ամեն բացվող օրվա հետ պոկում ենք օրացույցի թերթերը՝ չհասկանալով, որ ամեն մի թերթ մեր կյանքի մի օրն է: Ապրեցինք՝ ապրեցինք… Չէ, ուրեմն՝ վերջ… Էլ հնարավորություն չենք ունենա էդ օրը նորից ապրելու: Գունավոր բնության շռայլությունը թողած, մեզ թաղել ենք սև ու սպիտակի մեջ: Մենք ինքներս ենք մեզ բաժանել բնությունից: Ա՛յ էս է իսկական դժբախտությունը: Իսկ էդ դժբախտությունը մենք ինքներս ենք մեզ բերել: Չէ, չենք բերել՝ նվիրել ենք: Չէ՛, չէ՛, որդեգրել ենք: Այնքա՜ն ամուր ենք որդեգրել, որ ոչ թե՝ ուզում, այլ չենք կարողանում բաժանվել նրանից: (Կոշիկը շպրտում է մի կողմ: Միացնում է ռադիոն: Լսվում է քաղաքական հաղորդման ձայնագրություն): - «Վերջին ունեցած տվյալներով, կառավարությունում ժողովը դեռ շարունակվում է: Պայքարն ավելի է թեժանում, քանի որ Վարչապետը…»: (Խշշոց): Թո՜ւ, քո ի՜նչն եմ ասել, հա՜… (Անջատում է ռադիոն): Գնամ տուն, գոնե հեռուստացույցով լսեմ՝ էս ինչ իրավիճակ է երկրում: (Դադար): Գնամ տո՞ւն… Ինչի՞ համար… Ո՞ւմ համար… Ո՞վ է ինձ սպասում, որ վեր կենամ ու գնամ: Էս ժանգոտած արհեստանոցում գոնե գործիքները, սև ու սպիտակ կոշիկներն են իմ ընկերներն ու հարազատները: Բա մարդ էլ ընտանիք ունենա, վերջում էլ՝ կարոտո՞վ ապրի: Աչքը ջուր կտրի՝ սպասելով իր հարազատներին: (Օղի է խմում և բռունքով հարվածում սեղանին): Ո՞նց թե չգիտեմ՝ ինչի համար եմ ապրում: Տո գիտեմ, ո՜նց չգիտեմ… (Զանգում է բջջայինը): Ո՜ւֆ… Էս բջջայինն ինչի՞ համար ստեղծեցին… Մարդ իր համար հանգիստ ապրում էր, իսկ հիմա՝ ամեն րոպե՝ ծը՜նգ, հա, ծը՜նգ, ծը՜նգ, հա, ծը՜նգ… (Նայելով բջջայինի էկրանին): Վա՜յ, աչքերիս չեմ հավատում… Ա՛յ մարդ, էս ի՜նչ հրաշք է… (Բջջայինն ուղղում է դեպի Տիգրան Մեծի նկարը): Նայի՛ր, շեֆ… Բա որ ասո՜ւմ էի՝ կզանգի, չէիր հավատում: Հլա չխանգարես, տեսնեմ՝ ինչ է ասում: (Միացնում է բջջայինը): Ալո՜, ալո՜… Լավ է՝ հիշեցիր, որ դեռ չեմ մեռել: Մի քանի օր էլ որ չզանգեիր, ինձ լրիվ դիակ կզգայի: Ի՞նչ… Մտափոխվե՞մ… Երբե՛ք… Լսո՞ւմ ես՝ երբե՛ք… Ասում եմ՝ չէ՛… Ես ինձ իմ երկրում շատ լավ եմ զգում: Ի՞նչ… Ե՞ս եմ անտեր… (Ծիծաղում է): Ա՛յ տղա, մարդ ո՞նց կարող է հայրենի հողի վրա իրեն անտեր զգալ: Բալա ջան, էդ դու ես անտեր-անտիրական ապրում օտարի հողում: Քո կարծիքով Շվեդիայում քեզնով պիտի հիանա՞ն: Էդ ինձնով են հիանում… Եթե գրականության ուսուցիչ եմ եղել, ուրեմն՝ մարդ չեմ, հա՞… Բայց ես հո չեմ բողոքում: Ոչինչ, որ իմ կյանքն էլ էսպես դասավորվեց: Մարդ ամեն ինչի պիտի պատրաստ լինի: Պիտի կարողանա հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն: Բա կյանքը հո միայն շռայլ ու հարուստ ապրելու համար չէ: Էդ վախկոտներն են փախչում դժվարություններից: Հա՛, հա՛… Հե՛նց էդպես… Մի վախկոտ էլ դու էիր, որ վախեցար ու փախար: Փա՜ռք Աստծո, չեմ բողոքում: Ապրում եմ, էլի… Իմ հողի վրա ինձ ազատ ու անկախ եմ զգում: Կարևորը՝ գողություն չեմ անում, սրան-նրան չեմ խաբում: Հանգիստ խղճով ապրում եմ: Ասենք թե՝ էսօր մեկին խաբեմ, վաղը՝ մյուսին: Միլիոններ դիզեմ ու լցնեմ գրպանս: Է՜, հետո՞… Բա խի՞ղճը… Էդ միլիոնները հո հետս չեմ տանելու էն աշխարհ: Մի կյանք ենք ապրում, նորմալ, մարդավարի պիտի ապրենք, որ մենք էլ մեր ապրելուց մի բան հասկանանք: (Դադար): Ա՛յ տղա, էդ ո՞նց ես խոսում… Ո՞նց թե՝ սոված-ծարավ զկռտում եմ: Բա դու չես ամաչո՞ւմ: Տո դու ի՞նչ գիտես՝ երջանկությունն ինչն է: Ո՞վ… Ես չգիտե՞մ… Վա՜յ, ես քո մարդ ասողի՛, հա՜… Ասացի՝ էլ չկրկնե՛ս, եթե չես ուզում հետս գալ ու մասնակցել իմ թաղմանը: Դու ավելի լավ կանես՝ էդ քո Շվեդիաները թողնես ու հետ գաս: Մենք էստեղ միասին հանգիստ ու մաքուր խղճով կապրենք: (Հայացքը մռայլվում է: Դադար): Ո՞նց թե… Շատ է կարոտե՞լ… Վա՜յ, ես մեռնեմ իմ թոռան ջանին: Ախր, ես ի՞նչ մեղքի էի գործել, որ Աստված ինձ էս պատիժը տվեց: Ամբողջ կյանքս ձեզանով ապրեմ, վերջում էլ կարոտը սրտումս գնամ էն աշխա՞րհ… Ո՞ր մեղքիս համար… Ո՞ր… Բա ես դրա՞ն էի արժանի… Հա՞… Դուք որ կողքիս լինեիք, թոռս իմ կարած կոշիկները կհագներ ու հպարտ-հպարտ կքայլեր իր հայրենի հողի վրա: Էդպես ես էլ ինձ գնահատված ու սիրված կզգայի: Մարդն առանց իր երկրի թափառող շան նման է, որը չգիտի՝ ուր է գնում, ինչ է անում: Թոռանս պինդ գրկիր ու ասա, որ իր պապիկը հանուն իրեն մի քանի օրով կգա ու շուտ հետ կգնա իր երկիր: Հա՛, հա՛… Տոմսը պատվիրիր… (Դադար): Ալո՜… Ալո՜… Էդ ի՞նչ ձայներ են… Ի՞նչ եղավ… Ասում եմ՝ էդ ի՞նչ ձայներ են… Ա՜խ, հա՜… Գործնական հանդիպում ունես ու էլ չե՞ս կարող խոսել: Վա՜յ, ես քո էդ գործնական հանդիպումների ի՜նչն եմ ասել… Մարդիկ շատ են փոխվել: Մի ժամանակ հարգանք ու մարդկային սրտացավություն կար, իսկ հիմա՝ բոլորը ընկել
են գործնական հանդիպումների հետևից ու դրանք ավելի են գերադասում,
քան իրենց հարազատների հետ շփումը: Փո՜ղը... Փո՜ղը… Ինչ անում, չի անում,
էդ չարաբաստիկ փողն է անում: Էդ անիծյալ փողը ամեն ինչ փչացրեց … Մարդկանց օտար ու սառը դարձրեց, բաժանեց իրարից: (Դադար): Ալո՜… Ալո՜… Անջատել է: (Անջատում է բջջայինը): Ես չեմ հասկանում՝ էդ արտասահմաններում ի՞նչ կա, որ էստեղ չկա: Էդ ի՞նչ նոր հիվանդություն ընկավ մեր ազգի մեջ: Էդ ի՞նչ
նոր մոդա դարձավ: Ի՞նչ էր դրա անունը, է՜… Հա՛, հա՛… Գլամուր:
(Ծաղրանքով): Գործնական հանդիպում: (Քայլում է բեմով մեկ և փորձում նմանակել): Բարև Ձեզ… Ներեցեք, որ մի փոքր ուշացա… Խցանման մեջ էի
ընկել… Իհարկե, իհարկե, պարոն Չգիտեմինչյան… Ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը դեռ երկար պիտի շարունակվի: Բոլոր տոկոսները կստանաք ճիշտ ժամանակին: Համեցեք, Համեցե՛ք… Նստե՛ք, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարացնենք… (Պաշտոնական նստում է սեղանի մոտ: Դարակից հանում է թուղթ ու գրիչ և ստորագրում: Հետո, վեր է կենում, ներկայանում, որպես լուսանկարիչ և լուսանկարում): Չը՜խկ… Չը՜խկ… (Դադար): Վա՜յ, ես ձեր գործնական հանդիպումների հե՛րն եմ անիծել… Փողեր է, որ լվանում են… Իմ անխելք տղան էլ մոդայիկ դարձավ… Գնաց ու ընկավ էդ ճահիճը: Տո դա մե՛ղք է, մե՛ղք… Հանցա՛նք… Ինքը գնաց էդ մոդայի հետևից, բավական չէր, դեռ ընտանիքին էլ հետը տարավ… Թոռս էդ կյանքը տեսնելով՝ ի՞նչ պիտի սովորի… Ok… Hello… Thank you… Տո էլ չգիտեմ՝ ինչ… Ինչքան զռտի-պռտի բառեր կան, օգտագործում են: Ախր, հայը ո՞նց չի հասկանում, որ էդ օքեյ-մոքեյները մերը չեն… Մենք էդ էությունով չենք ծնվել ու մեծացել: Մեր բնությունն ուրիշ է… Մեր հարուստ լեզուն թողած՝ ուրիշների զռտիկներն ենք օգտագործում: Օգտագործում ենք՝ հերիք չէ՝ պարծենում էլ ենք: Պարծենում էլ ենք, հերիք չէ՝ չենք էլ հասկանում, որ էդ ամեն ինչով սպանում ենք մեր անցյալն ու ներկան: Ապագայի մասին չեմ էլ խոսում: Սպանում ենք մեր լեզուն, դարերով եկած մեր պատմությունը: (Նայելով Տիգրան Մեծի նկարին): Լսո՞ւմ էիր, շեֆ ջան… Լա՛վ, լա՛վ… Էլ չեմ բողոքում… Ես գիտեմ՝ ինչքան խոսում եմ, դու ավելի շատ ես բարկանում… Ըհ՛ն… Նայի՛ր… Խելոք-խելոք նստում եմ: (Նստում է, լռում և նայում նկարին): Գո՞հ ես, շեֆ… (Դադար): Իյա՜… Ոնց որ բարկությունդ անցել է, հա՞… Էդ արդեն լավ է: Լավ, էլ չեմ խոսի, որ քեզ չբարկացնեմ: Ոնց կասես՝ էդպես էլ կանեմ: (Ձեռքերով փակում է բերանը: Դադար): Ախր, որ չխոսեմ՝ սիրտս կտրաքի: Շեֆ ջան, հազար անգամ ներիր, բայց պիտի ասեմ… Նկարիդ չեմ նայի, որ բարկությունդ չտեսնեմ: (Մեջքով նստում է դեպի նկարը): Ախր, լռել չեմ կարող: Որ չխոսեմ՝ սիրտս հաստա՛տ կպայթի: Շեֆ ջան, չլինի՞՝ ուզում ես մեռնեմ: Բա որ մեռնեմ, քո սրտին դարդ չի լինի՞: (Նայելով նկարին): Դարդ կլինի, չէ՞… Բա տեսնո՞ւմ ես… (Փակում է երեսը և դեմքը թեքում նկարից): Շեֆ ջան, մի քանի օրով որ գնամ՝ թոռանս տեսնեմ՝ հետ գամ, ինձ ազգի դավաճան չես համարի, չէ՞… Չէ՛, չէ՛… Երկար չեմ մնա, խոստանում եմ: (Ժպտում է): Շեֆ ունեմ, աշխարհը չունի: (Օղի է լցնում): Քո կենացը… (Խմում է: Միացնում է ռադիոն: Լսվում է խշշոց, որից հետո հնչում է հայրենասիրական երգ: Մլեն պարում է, հետո պատից կախված Տիգրան Մեծի նկարը իջեցնում է, պարզում է օդ և շարունակում նկարի հետ պարել: Բեմը մթնում է և քիչ անց՝ լուսավորվում: Օդանավակայանի տեսարան: Մլեն բեմի կետրոնում է, սակայն այնպես է կանգնած՝ կարծես հերթի մեջ լինի: Անընդհատ նայում է ժամացույցին և հայացքն անհանգիստ թեքում աջ ու ձախ: Հնչում է ձայնագրություն): - «Հարգելի ուղևորներ, թռիչքը մի փոքր հետաձգվում է, ուստի՝ հայցում ենք ձեր ներողամտությունը»: Թո՜ւ, ես ձեր… Էս ինչքա՜ն էլ մարդ կա: Թե ասա՝ ո՞ւր եք գնում՝ ձեր երկիրը թողած: Հլա, նայիր, է՜… Մեկը՝ լացում է, մյուսը՝ ժպտում, մեկը՝ վարակակիր, մյուսը՝ դեռ չվարակված, բայց մյուսի փռշտոցից՝ ուր որ է կվարակվի: Ի՜նչ մարդ ասես, որ չկա… Հորիզոնական աչքերով, ուղղանկյուն բերանով: Ի՜նչ են խոսում՝ չես էլ հասկանում: Սպասեմ՝ տեսնեմ, թե երբ բախտ կունենամ էս անվերջ հերթի մեջ թռիչքիս տոմսը վերցնեմ: (Դեմքի դժգոհ արտահայտությամբ աջ ու ձախ է նայում): Էնքա՜ն էլ մարդ է կանգնած, որ ծայրը չի երևում: (Դժգոհ): Էս սևամորթ աժդահա՞ն դիմացս ինչու է կանգնել, չեմ հասկանում: Ոչ մի բան չի երևում: (Հերթի շարքից դուրս է գալիս և մի քանի քայլ անում դեպի աջ, որպեսզի տեսնի՝ ինչ է կատարվում: Հիասթափված ձեռքը թափ է տալիս ու հետ գալիս, որ կանգնի իր տեղը): Սևամորթ աժդահա ջան, սա իմ տեղն է, ինչո՞ւ ես դու կանգնել: Չեմ հասկանում՝ սա հայերեն չի հասկանո՞ւմ: Ա՛յ մարդ, ասում եմ՝ էս իմ տեղն է: (Մի կերպ խցկվում է հերթի մեջ և շնչահեղձ վիճակով մնում է կանգնած: Ուզում է փռշտալ, սակայն մարմինն է կսմթում, որպեսզի
զսպի փռշտոցը): Աստված ջան, խնդրում եմ, հանկարծ չփռշտամ, թե չէ խայտառակ կլինեմ: Կմտածեն՝ վարակակիր եմ ու հատուկ եմ եկել, որ բոլորին վարակեմ: (Փակում է քիթն ու բերանը և անհանգիստ շարժումներ անում): Տո՛ ի՜նչ եք նայում, է՜… Բոլորի հետ էլ պատահում է: (Դադար): Մեղա՜… Մեղա՜… Փռշը՜տ… (Փռշտում է ու անորոշ կանգնում): Պարոն սևամորթ աժդահա, չգիտեմ՝ ինչ ազգ ես, բայց վայրենու հայացքով էդպես մի նայիր: Մարդ եմ, վախենում եմ, չէ՞: Աֆրիկայում չեն փռշտո՞ւմ, ինչ է: Փռշտում են, էն էլ ո՜նց են փռշտում: Ա՛յ էսպես… (Կեղծ փռշտում է): Փռը՜շտ… Փռը՜շտ… Չէ՛, չէ՛, ես վարակված չեմ: Իզուր ես քիթ ու մռութդ փակել: Ես ողջ առողջ եմ՝ տնական օղի խմած: (Վախով): Սևամորթ ջան, էդ բռունցքդ ինչո՞ւ ես սեղմել: Երևում է, որ իսկական աժդահա տղամարդ ես, բան չունեմ ասելու, բայց պետք չէ: Հիմա ոչ տեղն է, ոչ էլ՝ ժամանակը, որ մարմնամարզություն անես: (Վախից մի քանի քայլ հետ է գնում): Էս մարդուն ի՞նչ լեզվով ասեմ, որ հասկանա: Չփորձե՛ս… Ասացի՝ չփորձե՛ս… Վա՜խ… (Ձեռքերով փակում է երեսը և գոռալով տապալվում հատակին: Դադար: Բացում է աչքերը և տարօրինակ նայում շուրջբոլորը): Էսքան մա՞րդ ինչու է հավաքվել շուրջս: Չէ՛, չէ՛, թրջոց պետք չէ, աչքիս ոչինչ չի եղել: Շնորհակալ, եմ բայց մազերս ուղղել պետք չէ: Ես՝ ինքս… (Ուղղում է մազերը): Շատ շնորհակալ եմ, բայց շորերիս փոշին ինքս կմաքրեմ: (Նստում է ու մաքրում շորերը): Վա՜յ, ի՜նչ լավ է, որ օդանավակայանի աշխատակցուհին գալիս է ինձ հիվանդատես: Շա՜տ շնորհակալ եմ… Շա՜տ… (Պառկում է ու փակում աչքերը, հետո նմանակում է կնոջ ձայնով): – «Հայրիկ ջան, ո՞նց եք…»: Լավ եմ, ազիզ ջան: Պառկած հերթիս եմ սպասում: Հոգնեցի էդքան կանգնելուց: (Նմանակում է կնոջ ձայնով): - «Դուք այսօրվա մեր հերթի խցկված արտոնյալն եք: Մեր տնօրինությունը Ձեզ լյուքս համարի թռիչքի տոմս է նվիրում»: (Կիսաձայն): Վա՜յ, ես ձեր ի՜նչն եմ ասել, հա՜… Տոմսը նվեր են տալիս, որ չբողոքեմ ու իրենց կազմակերպության անունը խայտառակ չանեմ: (Բարձրաձայն): Ազիզ ջան, հիմա՞ պիտի գնամ էդ լյուքսը: Լա՜վ, շա՜տ լավ… Գոնե էդ լյուքում մի քիչ քնեմ, հանգստանամ: (Գետնից վեր է կենում, կենտրոնում դնում է երկու աթոռ և նստում, իսկ մյուս աթոռը մնում է դատարկ: Աչքերը փակում է, հետո՝ տեղից վեր թռչում): Ա՛յ մարդ, էս ի՞նչ ձայն էր: Չեն թողնում՝ մարդ հանգիստ քնի: Հետո էլ ասում են՝ լյուքս, հա, լյուքս: (Տարօրինակ նայում է կողքին դրված դատարկ աթոռին): Է՞ս ում են բերել, նստեցրել կողքիս: Իբր լյուքս է, հա՞… Էնպես է խռմփացնում, որ չթողեց քնեմ: Ընկեր, ա՛յ ընկեր, զարթնի՛ր: Սա քեզ համար հյուրանոց չէ: Տեսնես՝ բոլոր լյուքնե՞րն են էսպես քնում, որ աշխարհն էլ փուլ գա՝ չեն զարթնի: Էնպե՜ս էլ արհամարհական մեջքը թեքել է ինձ, իբր ինձանից լավ լյուքս է: Տո՛ սրանից ի՞նչ լյուքս… Լյուքսը ես եմ: Սա շարքային քաղաքացի կլինի: (Վեր է կենում ու անցում աթոռի մյուս կողմը: Ապշահար նայում է, փակում է աչքերն ու բղավելով ընկնում հատակին: Հետո չորեքթաթ հետ է գնում): Դու էլ ես լյո՞ւքս: Իսկ գիտե՞ս, որ ես էլ լյուքս: Հա՛, հա՛, լյուքս Մլեն եմ: Էնպես որ նորից չփորձե՛ս, պարոն սևամորթ աժդահա: Էն ժամանակ լյուքս չէի, քրեական գործ չհարուցվեց, իսկ հիմա՝ ահա՜… (Վախով): Ինչո՞ւ ես ատամներդ կրճտացնում ու նորից վայրենու նման ինձ նայում:
(Վախից շարունակում է չորեքթաթ հետ գնալ): Նորից էդ անիծյա՛լ բռունքը… (Գոռում է): Վա՜յ, մամա՛ ջան… Էս մարդը նախնադարյան աֆրիկացի հետամնաց է: Ոչ մի լեզու չի հասկանում: (Վախով կանգնում է): Աֆրիկացի լյուքս ջան,
գնամ լվացվեմ ու հետ գամ: Դու հանգիստ քնիր: Լյուքսերին որ խանգարում
են ու չեն թողնում քնեն՝ նրանք կատաղում են: Ես քեզ վառ օրինակ: (Դուրս է վազում: Բեմը դատարկ է: Քիչ հետո ներս է մտնում Մլեն՝ հպարտ կեցվածքով և աջ ու ձախ նայելով): Էս ի՜նչ էլ եվրո լվացարան է… (Առաջ է գնում և սայթաքում, բայց ինքնակառավարման միջոցով մնում է կանգնած): Վա՜յ, անշնորքներ… Բա լյուքս համարի եվրո լվացարանի սալիկների վրա՞ էլ ջուր թափեն: Ո՞վ է նման բան տեսել: (Առաջ գնալով՝ սայթաքում է և գոռալով ընկնում հատակին: Բեմը մթնում է և քիչ անց` լուսավորվում: Հիվանդանոցի տեսարան: Կենտրոնում դրված է մահճակալ: Մլեն անշարժ պառկած է մահճակալին՝ սավանով փաթաթված: Քարացած պատկեր: Լսվում է սրտի աշխատանքի սարքի ձայն, որը մե՛կ հնչում է կամաց, մե՛կ՝ ուժեղ: Մլեն փռշտում է ու կտրուկ նստում մահճակալին: Ոչինչ չհասկանալով՝ նայում է շուրջը): Ա՛յ մարդ, էս ո՞ւր եմ ընկել… Ա՛յ մարդ էս ո՞ւր են ինձ բերել… Չլինի՞՝ մեռել եմ: (Վեր է կենում և անորոշ քայլում աջ ու ձախ, հետո նստում է հատակին և արտասվում): Բա որ ես մեռել եմ, ո՞նց պիտի ժողովրդիս օգնեմ, կողքին լինեմ, չթողնեմ որ տխրի: Ախր, ես շատ նպատակներ ունեի… Նոր կուսակցություն պիտի բացեի, որ բոլորին փրկեի էս դժբախտությունից: Վա՜յ, էս ի՜նչ անարդար կյանք է: (Իրեն է ձեռք տալիս): Բա որ մեռել եմ, հոգիս ո՞ւր է: (Ձայնելով): Հոգի՜… Ա՛յ հոգի ջան, դո՞ւ ուր ես փախել: Հոգի՜… Հոգի՜… (Դրսից լսվում է աղմուկ և բղավոցի ձայներ: Մլեն վախով վազում է դեպի մահճակալը, պառկում է և սպիտակ սավանով ծածկում մարմինն ու գլուխը: Մի պահ լռություն, որից հետո սավանը կամաց բարձրացնում է և գլուխը դուրս հանում): Չլինի՞՝ դժոխք եմ ընկել… Վա՜յ, մամա՛ ջան… (Լռություն: Տարօրինակ նայում է շուրջը): Դժոխքում էսպիսի հարմարավետ պայմաններ է՞լ են լինում: Չլինի՞՝ դժոխքի մոդան էլ է փոխվել: Տերդ մեռնի գիտություն… Էս ո՜նց էսքան շուտ զարգացար, որ հիմա էլ սատանաներն են ժամանակակից ոճով տանջում: Վա՜յ, էս ի՜նչ բարի ու սրտացավ սատանաներ են մեր սատանաները: Էս ո՜նց են մտածում մարդկանց մասին: Էն ժամանակ որ մեռնեի՝ հե՜յ գիտի Աստված… Էնքա՜ն կտանջեին՝ կփոշմանեի, որ մեռել եմ: Աստված էլ գիտի, թե ինչ է անում, է՜… Էնպես դասավորեց, որ իր արժանի և անարժան զավակները մեռնելուց հետո շատ չտանջվեն: (Մտահոգ): Ախր, ես արժանի զավակներից էի, դժոխքում ի՞նչ գործ ունեմ: Բա ես հիմա ո՞նց իմանամ՝ մահվան որ փուլում եմ: (Մոտենում է դռանը և փորձում բացել: Դուռը փակ է: Մի քանի անհաջող փորձից հետո՝ հիասթափված հետ է գալիս: Հետո, համբերությունը հատած, մոտենում է դռանը և հարվածում): Ախր, ես էլ եմ մեռել: Ինձ ինչո՞ւ եք բերել՝ անտեր-անտիրական էստեղ շպրտել: Ինձ լրիվ աչքաթող եք արել: Էդպես ո՞նց կլինի: (Ձայնելով): Է՜դ ձեր գլխավոր սատանային ասեք, որ ես էլ մարդ: Մրսում եմ, չէ՞… Ես որ հիվանդանամ, գրիպ ընկնեմ, ո՞վ պիտի պատասխան տա: (Լռություն): Կարո՞ղ է՝ դժոխք չեմ ընկել… (Ծնկի է գալիս): Վա՜յ, շնորհակալ եմ, տե՜ր Աստված, որ գնահատեցիր կյանքս վաստակն ու դրախտի ընդունարան ինձ բերեցիր: (Նայելով սպիտակ սավանին): Հա՜, էլի՜… Դրա՜խտն է, դրա՜խտը… Ո՞վ է տեսել, որ դժոխքում ամեն ինչ սպիտակ լինի: Էնտեղ ամեն բան սև է, մեր կյանքի նման: (Մոտենում է դռանը): Դուռը բացե՛ք… Ես պիտի տեսնեմ Աստծուն: Պիտի հայտնեմ իմ բողոքը: Խեղճ Աստված հաստատ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում աշխարհում: Ով ինչ ուզում է՝ անում է: Ես թո՛ւյլ չեմ տա, որ երկիրը քանդեն: (Մի քանի անգամ դռանը հարվածելով՝ հիասթափված հետ է գալիս): Վա՜յ, ես ձեր հե՛րն եմ անիծել… Թո՜ւ… Ձեր մարդ ասողի՛… Դուք դեռ չգիտեք, թե ո՜ւմ հետ գործ ունեք: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ես կբողոքեմ Աստծուն: Նա դրախտի աշխատողներին կփոխարինի նորերով: Դուք իրավունք չունեք դրախտում աշխատելու: Աշխարհում մի մաքուր տեղ է մնացել, էդ է՞լ եք ուզում կեղտոտել: Սրիկանե՛ր… (Լսվում է ոստիկանության մեքենայի ազդանշանի ձայն): Ա՜յ քեզ բան… Դրախտում ոստիկաններ է՞լ էն լինում: Ամեն ինչն են փչացրել: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ես հատուկ արտոնագիր ունեմ՝ Աստծո կողմից ստորագրված: Էդ նա է բարեխոսել, որ գամ դրախտ, բայց ես նրան կխնդրեմ,
որ թույլ տա մի քանի օրով գնամ էն աշխարհ: Էնտեղ դեռ չկատարած
գործեր ունեմ: Ես պետք է ավարտին հասցնեմ իմ կուսակցության կազմակերպչական աշխատանքները: (Դրսից լսվում է աղմուկ): Տեսնես հիմա՞ ինչ է կատարվում: (Մոտենում է դռանը և փորձում ձայներից հասկանալ կատարվող իրադարձությունները: Դադար: Զարմացած հետ է գալիս): Պարոն Փահլևանյա՞ն… Ի՞նչ պարոն Փահլևանյան… Ա՜յ քեզ բան… Աստծո ազգանունն էլ է փոխվե՞լ… Ես միշտ կարդացել եմ Աստվածաշունչ, բայց վերջին տվյալներով էնտեղ նման բան գրված չկար: Աստվածաշունչն էլ փոխեցին… Վա՜յ, ես ձեր… (Հարվածում է դռանը): Ասում եմ՝ դուռը բացե՛ք… Աստծուն՝ պարոն Փահլևանյանին ասեք, որ
Մլե Համառիկյանն ուզում է իրեն տեսնել: (Հասկանալով որ պայքարն ապարդյուն է՝ նստում է դռան մոտ և արտասվում): Հոգի՜, ա՜յ հոգի… Էս նեղ պահին դո՞ւ
ինչու ես կորել: Բոլորը երես են թեքել ինձանից: Գոնե դու ինձ մի լքիր: Որտե՞ղ
ես, իմ համառ հոգի: (Շարունակում է փնտրել շուրջը և մահճակալի տակ:
Գտնում է մահճակալին փակցված մի թուղթ: Վերցնում է ու կարդում): «Հիվանդասենյակ համար 11… Անհայտ տղամարդ… Տարիքը՝ 50-55… Կասկածելի վնասվածքներով… Նման է հանցագործի, որը զբաղվում է թմրանյութերի թաքուն առք ու վաճառքով, սակայն նրա հանցանքը դեռ ապացուցված չէ: Երբ կոմայից դուրս գա՝ անպայման կպարզենք: Նախնական տվյալներով նա փորձում էր փախչել երկրից, որովհետև նրան հայտնաբերել էին ինքնաթիռի լյուքս համարին պատկանող սանհանգույցի սառը սալիկներին ուշաթափված: Աչքի տակ կապտուկ է եղել, որն արդեն կասկածելի է նրա անձի բարի համբավի համար: Կոմայի մեջ անշարժ, երջանիկ ժպիտը դեմքին՝ պառկած էր: Միայն թմրանյութի ազդեցության դեպքում կարող է ապագա հանցուցյալն այդպես ժպտալ՝ ոչինչ չգիտակցելով»: (Թուղթը մի կողմ է շպրտում: Վազում է դեպի մահճակալը և սպիտակ սավանով նորից ծածկում երեսը: Դադար: Լռություն): Աստվա՜ծ իմ… Փաստորեն՝ չեմ մեռել: Ո՛չ դժոխքում եմ, ո՛չ էլ՝ դրախտում: Օդանավակայան, ինքնաթիռ, սևամորթ աժդահա, կարճ հագած, հորիզոնական ժպտացող աշխատակցուհիներ, լյուքս համար, սառը սալիկներ… (Տեղից վեր է թռչում: Մոտենալով դռանը՝ ուժեղ հարվածում է): Օգնեցե՜ք… Օգնեցե՜ք ինձ… Ես ամեն ինչ հիշել եմ… Ես ձեզ կարևոր տեղեկություն պիտի հայտնեմ հանցագործների խմբի մասին: Նրանք միասին են գործում և փորձում են մարդկանց սպանել: Ես ձեզ կպատմեմ՝ ինչ տեսել եմ: Նրանք ուզում են երկիրը կործանել: Նրանց գլխավոր հովանավորն այդ սևամորթ աֆրիկացի աժդահան է: Հե՜յ, լսո՞ւմ եք… Դուռը բացե՛ք, խնդրո՜ւմ եմ… (Լսվում է շտապ օգնության մեքենայի ձայն: Մլեն ուրախացած թռչկոտում է): Վա՜յ, շնորհակալ եմ, որ վերջապես լսեցիք օգնությանս ձայնը: Ես հավատում էի, որ դուք կօգնեք ինձ և թույլ չեք տա, որ մեղավորները տարածվեն երկրով մեկ: (Դուռը բացվում է և բեմը մթնում: Մթության մեջ լսվում է Մլեի բղավոցը): Օգնեցե՜ք… Ինձ ուզում են սպանել… Բա՜ց թողեք ինձ… Դուք իրավունք չունեք, սրիկանե՛ր… Ի՞նչ եք ուզում ինձանից… Ձեզ էդ աֆրիկացի աժդահա՞ն է ուղարկել… Վա՜յ, ես ձեր ի՜նչն եմ ասել… Հանցագործնե՛ր… Օգնեցե՜ք… (Մլեի ձայնը կտրվում է: Լռություն: Բեմը լուսավորվում է: Հոգեբուժարանի տեսարան: Կենտրոնում դրված է մահճակալ: Մլեն կանգնած է մահճակալին, հագին՝ զսպաշապիկ: Մահճակալի վրա թռչկոտում է և պարում: Երգում է հայրենասիրական երգ: Երգը վերջացնելուց հետո՝ գլուխը խոնարհում է: Ուզում է ծափ տալ, բայց չի կարողանում: Մոտենում է դռանը և գլխով հարվածում): Ես խելոք գիժ եմ: Հե՜յ, լսո՞ւմ եք… Ասում եմ՝ ես խելոք գիժ եմ: Դուռը բացե՛ք ու ինձ ազատե՛ք էս կտորե շղթաներից: Ես հեղափոխություն պիտի անեմ: Արդեն ծրագրված են իմ կուսակցության առաջիկա նպատակները: Երբ երկիրս ոտքի կանգնի, խոստանում, որ Ձեր պաշտոնն էլ կբարձրացնեմ, որպես հեղափոխության մասնակիցներ: (Դրսից լսվում են ծափերի ձայներ: Դուռը բացվում է: Մլեն դուրս է գնում և վայրկյաններ անց՝ վերադառնում առանց զսպաշապիկի): Ի՜նչ լավ է, որ մարդիկ դեռ հավատում են: (Կանգնում է մահճակալին: Սպիտակ սավանը փաթաթում է վրան, ինչպես հին ժամանակների արքաները: Մահճակալին կանգնած փորձում է ձի հեծնել: Մի քանի անհաջող փորձ է անում): Իմ հպարտ ձի, ավելի լավ է՝ սարից իջնենք դեպի քաղաք: Մենք պետք է շփվենք ժողովրդի հետ, որովհետև իմ կուսակցությունը ժողովրդական է: Դե՛, Մլե Համառիկյան, համառի՛ր: Առանց համառության ամեն բան անօգուտ է: Իմ հպարտ նժույգ՝ Բալտազար, զգույշ իջիր էս քարքարոտ ճամփան, որպեսզի պատվով ու առանց վնասվածքների տեղ հասնենք: (Ձիու նման խրխնջում է և մահճակալից իջնում ներքև: Գետնին կանգնած շարունակում է ձի հեծնելու փորձը: Մի քանի անհաջող փորձից հետո՝ հեծնում է ձին): Բալտազար, գլուխդ վերև, հայացքդ դեպի պայծառ ապագա: Պատրա՞ստ ես, իմ ընկեր: (Խրխնջում է): Ես էլ եմ պատրաստ: Դե ուրեմն՝ առա՛ջ… (Ձին հեծած մի քանի պտույտ է կատարում բեմում, հետո գալիս է ու կանգնում կենտրոնական հատվածում: Ձիուց իջնում է): Բալտազար ջան, դու գնա, քեզ համար հանգիստ խոտ արածիր, մինչև ես քարոզարշավս վերջացնեմ: (Խրխնջում է): Սպասի՛ր… Ամեն տեսակի խոտ չարածես, որ փորացավ չընկնես: Հիմա ի՜նչ խոտեր ասես՝ աճեցնում են: Քեզ
նման ընտրյալները միայն թարմ ու բնական խոտեր պիտի արածեն: (Իբր մտրակում է ձիուն: Խրխնջում է): Դե գնա… (Խրխնջում է և սպիտակ սավանը օդում ծածանում): Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն… Պայծառ ապագան կերտելու համար ձեզ օգնության է գալիս «Հակաբջիջ» կուսակցության հիմնադիր տնօրեն, պայծառատես ու համառ՝ Մլե Թադևոսի Համառիկյանը, նույն ինքը՝ «Համառ գայլը»: Իմ կուսակցությունն ունի մի նպատակ… Կոտրել բոլոր կարծրատիպերը, ոչնչացնել երկիրը քայքայող ու ավերող բջիջներին: (Ոռնում է: Ոռնոցին զուգահեռ՝ խրխնջում): Զահրումա՛ր, Բալտազար… Երբ գազանները ժանիքները սրած մարտնչում են՝ խոտակերները պիտի լռեն: Սուսուփուս խոտդ արածիր և մի՛ խանգարիր: (Դրսից լսվում են ծափեր ու բացականչություններ՝ «Ուռա՜, Ուռա՜…): Կոչ եմ անում, որպեսզի հոգեբուժարանի հիվանդներն ու աշխատակիցները միանան ինձ: Բալտազա՛ր… (Խրխնջում է): Ա՛յ տղա, Բալտազա՞ր… Քեզ հետ չե՞մ… Ասում եմ՝ արի… Ապրես, իմ խելոք Բալտազար… (Շոյում է ձիուն: Խրխնջում է): Մի ափսոսա, որ արածածդ խոտը կիսատ մնաց: Կարևորը գործն է: Այս պահից դառնում ես իմ կուսակցության փոխնախագահը: Դիմավորիր մեր նոր համակիրներին: Համեցե՛ք, համեցե՛ք… Կանգնեք առաջին շարքում: (Մեջքով կանգնում է դեպի դահլիճը): Ի՜մ հավատարիմ զորք… Հավսա՛ր… Զգա՛ստ… Թողնե՛լ… Բոլորիդ կոչ եմ անում զինվել և՛ հոգով և՛ մտքով, որպեսզի ծնկի բերենք մեր ոխերիմ թշնամիներին: Մե՛կ… Երկո՛ւ… Հե՜յ… Հե՜յ… (Հեծնում է ձին և սպիտակ սավանը ծածանելով՝ շրջում բեմով մեկ): Ուռա՜… Ուռա՜… (Դռան թակոց): Մի՛ խանգարեք… Ես լուրջ պայքարի մեջ եմ: Կորե՛ք գրողի ծոցը, դավաճաննե՛ր: Դուք չեք կարող խոչընդոտել «Համառ գայլին»: (Դռան թակոցը շարունակվում է: Մլեն մոտենում է դռանը): Չե՞ք լսում… Ասացի՝ կորե՛ք գրողի ծոցը: (Լսվում է բացվող դռան ձայն: Մլեին ստիպողաբար տանում են դուրս:
Դրսից լսվում է աղմուկ և Մլեի բղավոցը): Ես ձեզ կսպանե՛մ… Սրկանե՜ր… Դավաճաննե՜ր… Խաբեբանե՜ր… Կաշառակերնե՜ր… (Լսվում է կնոջ ճիչ: Բեմը մթնում է և վայրկյաններ անց՝ լուսավորվում: Բանտային տեսարան: Պատերը խոնավ են, իսկ սենյակը՝ կիսամութ: Կենտրոնում դրված են կիսաջարդած աթոռ ու սեղան: Մլեն նստած է սեղանի շուրջ՝ զոլավոր շորերով և գլխարկով: Ծխում է ու խաղաթղթերով խաղում: Խաղաթղթերը նետում է սեղանին ու ծիծաղում): Դե՛ գնա… Չորս տուզն էլ ինձ մոտ է: 10-ով 0 դարձավ հաշիվը: Բա ի՞նչ է՝ կարծում էիր, թե կկարողանաս Մլեին հաղթե՞լ: Տո ինչի մենակ էս խաղում եմ ուժե՞ղ: Նարդի, շաշկի, շախմատ… Հաղթեմ, էն էլ ո՜նց հաղթեմ: (Ձեռքերն իրար հպելով՝ գրպանից հանում է թզբեխը և մատներով պտտում): Արա Կոլո՛տ, քեզ քանի՞ անգամ եմ ասել, որ քիթ ու մռութդ իրար չխառնես: Քանի ես կամ՝ հաշվիր, որ ախպերությունը մեջքիդ կանգնած է: Հլա էդ արցունք-մարցունքներդ մաքրիր ու ասա՝ իմանամ՝ ինչ է եղել: Նստի՛ր, նստի՛ր, կանգնած մի պատմիր: Դատավորի առաջ չես: Ո՞նց թե… Լո՞ւրջ ես ասում… Ուրեմն տեսակցություն թողնելու համար փող է ուզո՞ւմ: Լա՜վ, լա՜վ… Նրա հարցերը հիմա կլուծեմ: Դու տղերքին արթնացրու, ասա, որ Մլեն լուրջ հարց ունի քննարկելու: (Հպարտ կեցվածքով նստում է): Տղերք ջան, համեցեք, զբաղեցրեք ձեր պատվավոր տեղերը, որ խորհրդակցությունը սկսենք: Մեզ մի
շատ կարևոր հարց է հուզում: Մեր երկրում օր-օրի ավելանում են կաշառակերները: Աշխատավոր ժողովրդին ամեն օր օգտագործում են, քամում են վերջին գրոշները: Մենք, որ համարվում ենք ոչ աշխատավոր ու ապրում են պետության հաշվին, կարելի է ասել՝ ձրի հաց ուտողներ ենք, նույնպես կանգնած ենք էս լուրջ վտանգի առաջ: Մեր ախպոր՝ Արարատցի Կոլոտի դիմաց պայման են դրել… (Բռուցքով հարվածում է սեղանին): Տո՛ քաչալ Ծաղիկյան, հարցը քեզ չի վերաբերո՞ւմ: Ինչո՞ւ ես խանգարում: Հանգիստ նստի՛ր տեղդ: Եվ ուրեմն… Քանի որ վտանգը դեռ շարունակվում է ու բոլորս կարող ենք զոհ դառնալ անօրինություններին, առաջարկում եմ, որ դուք՝ թագավոր ախպերներով միանաք Կոնդեցի հայտնի քրեական հեղինակության, այսինքն՝ իմ, Մլե Համառիկյանի արդարադատությանը: (Աղմուկ): Սթափվե՜ք… Սթափվե՜ք… Ես Մլեն եմ… Աստված չանի, որ օգտագործեմ իմ բոլոր լիազորությունները և պատժեմ բոլորիդ: (Լռություն: Բռունքով հարվածում է սեղանին): Քանի որ մենք ուզում ենք մարդավարի ապրել, պիտի դառնանք մի բռուցք: Ուրիշ ազգերից ինչո՞վ ենք վատը: Ես՝ «Համառ գայլս», արդեն սկսել էի հեղափոխությունը, բայց սրիկաները խանգարեցին: Ոչինչ… Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ… Իսկ ով հավատում է՝ անպայման հաղթում է: (Բռուցքով հարվածում է սեղանին): Տո՛ այ երկարականջ քոչվոր… Եթե մի անգամ էլ ծիծաղես, ականջներդ կկտրեմ ու կուղարկեմ էնտեղ, որտեղից եկել ես ու պատահաբար ընկել մեր շարքերը: Սոված-ծարավ, չգիտեմ որտեղից հայտնվեցիր, քեզ մարդատեղ դրեցինք, աթոռ տվեցինք, հիմա էլ ծիծաղո՞ւմ ես ազգի դժբախտության վրա… (Բռուցքով հարվածում է սեղանին): Ձա՛յնդ… Վեր ընկի՛ր տեղդ: (Դադար): Որտե՞ղ էինք կանգ առել: Ա՜խ, հա՜… Հիշեցի… Քանի որ երկիրը խորը ճգնաժամային դրության մեջ է, առաջարկում եմ, որ բոլորդ ժանիքները սրած՝ շարժենք անշարժը: Հենց որ անշարժը տեղից շարժվեց, մենք կդառնանք ավելի հզոր պետություն: Մարդ ենք, ոչ թե՝ ռոբոտ… (Դրսից լսվում է աղմուկ: Մլեն անհանգիստ քայլում է աջ ու ձախ): Էս ի՞նչ է կատարվում: (Դրսից լսվում են բղավոցներ): Ես չե՜մ վախենում ձեզանից… Ես չե՜մ վախենում ոչ ոքից… Ես «Համառ գայլն» եմ: (Ոռնում է: Նայում է շուրջը և ավելի ուժեղ ոռնում): Տո ո՞ւր եք փախչում, ա՛յ վախկոտներ… Բա դուք տղամա՞րդ եք… Վա՜յ, ես ձեր տղամարդ ասողի՛, հա՜… Ես էլ մտածում էի, որ արժե ձեզ վրա հույս դնել: Տո ձեզանից ի՞նչ տղամարդ… Նայե՛ք ինձ… Միայնակ դուրս եմ եկել ամբոխի դեմ ու չեմ վախենում: Վախենա՞մ… Ինչի՞ց վախենամ… Փախե՜ք, փախե՜ք… Փրկե՜ք ձեր կաշիները, ա՛յ վախկոտներ: Ձեզ մարդ դարձրի, հեղինակություն տվեցի, հիմա էլ փախչո՞ւմ եք: Շրջապատում ձևական հարգանք ու պատիվ եք խաղում: Քանի՞ կոպեկ արժե ձեր հարգանքը: Թե՞ դուք միայն տաք ու ապահով օրերի հարգված տղերքն եք: Ձեզ նմաններն են, որոնք փորձում են ինքնահաստատվել կյանքում՝ թոզ փչելով ժողովրդի աչքերին: Դուք առավոտյան ուրիշ մարդ եք, ցերեկը՝ ուրիշ, իսկ գիշերվա մասին չեմ էլ խոսում: (Դրսից լսվում է աղմուկ): - «Վառե՜լ… Վառե՜լ…»:(Մլեն կանգնում է սեղանին և երևակայական վերցնում հրացանը): Ես չե՜մ վախենում… Ես հանուն իմ ազգի լավ ապագայի՝ պատրաստ եմ մեռնել: (Կրակում է օդում և շուրջը: Կրակոցին հաջորդում է Մլեի ոռնոցը: Դրսից լսվում են ոստիկանության մեքենայի և երկաթե դռան փականի բացվելու ձայները: Մլեն հպարտ կեցվածքով, հրացանը ձեռքին՝ շարունակում է կրակել և ոռնալ): Չե՜մ վախենում… Չե՜մ վախենում… (Բեմը մթնում է: Ոստիկանության մեքենայի ձայները դեռ շարունակվում են: Մթության մեջ լսվում է Մլեի ինքնամոռաց բղավոցը): Ազատությո՜ւն… Ազատությո՜ւն… (Բեմը լուսավորվում է: Մլեն, կոշիկի արհեստանոցում, գլուխը սեղանին դրած՝ քնած է: Գոռալով՝ վեր է թռչում և խորը շունչ քաշում: Լսվում է ռադիոյի խշշոցի ձայնը): Սրա՞ն ինչ եղավ… (Հարվածում է ռադիոյին: Լսվում է քաղաքական հաղորդման ձայնագրություն): - «Այսօր առավոտյան, Վարչապետը…»: (Խշշոց): Թո՜ւ… (Անջատում է ռադիոն: Սեղանի վրայից վերցնում է Տիգրան Մեծի նկարը): Շեֆ ջան, դու է՞լ էիր քնել… (Նկարը կախում է պատին: Զանգում է Մլեի բջջայինը): Թե ասա՝ էս բջջայինն ինչի՞ համար ստեղծեցին: Ալո՜… Ալո՜… Ի՜նչ լավ է, որ հորդ չես մոռացել: Ի՞նչ… Ո՞նց թե… Տոմսերն արդեն պատվիրե՞լ ես: Թռիչքը վաղն առավոտյա՞ն է… (Դադար): Չէ՜… Չեմ գալիս… (Դուրս է վազում):



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 355 անգամ
    1