Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համո Սահյանը՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորի» տիրույթում

12.04.2017

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռուսական դրամատուրգիայի ամենահայտնի դասական գործերից մեկի՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի մի յուրօրինակ բեմադրություն՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ընթերցմամբ:

Ընդհանրապես դասական գործը ենթադրում է ակադեմիական հետևողականություն հեղինակային գրական ստեղծագործության տառի նկատմամբ: Պատկառանքը գոգոլյան անմահ ստեղծագործության հանդեպ, կարծես թե, պետք է իր ուժային ներգործությունը թողներ գավառային քաղաքի պաշտոնյաների գրոտեսքային կերպարները կառուցող բեմադրիչի ու դերասանների աշխատանքի վրա: Սակայն ռուսաստանցի դասական հեղինակի պարոնյանական բեմ բարձրացած չինովնիկական դասը մի յուրօրինակ ներշնչմամբ ոչ միայն հեռացել է ակադեմիականության այդ ծանրությունից, այլև սահմանված տարածությունը թեթևությամբ հաղթահարող մարզիկի վարպետությամբ, ասես, ստիպում է ակնդետ հետևել կերպարների յուրաքանչյուր շարժումին, յուրաքանչյուր ռեպլիկին ու դիմախաղին:

Ներկայացման հենց սկզբից, խաղատան ջազային երաժշտության ներքո, ասես նկարչի կտավին, մեկը մյուսի հետևից հայտնվում են միևնույն հագուկապով մարդիկ՝ գավառային քաղաքի վերնախավը: Նրանք և ողջ միջավայրը գոգոլյան չեն ոչ ժամանակագրությամբ, ոչ արտաքին խորհրդանշաններով, ոչ հագուստով, ոչ երաժշտությամբ և ոչ բեմական տեսարաններն իրենց պարային շարժումներով շրջանակող, թեթև հագուկապով պարուհիներով: Անմիջապես ձևավորվում է այն մտայնությունը, որ հասցե ու հայրենիք չունեցող, բայց մայրաքաղաք ունեցող գավառում բոլորն իրենց վիճակից շատ գոհ են եղել միշտ նաև՝ իրենց կյանքի նախորդ ողջ ժամանակահատվածում:

Չինովնիկները, որոնց հետ է, բնականաբար, նաև քաղաքագլուխը, պետական աշխատավարձ են ստանում, նաև՝ կաշառք են տալիս ու առնում, թղթախաղով գումարներ են հաղթում կամ տարվում և անիվի մեջ տեղապտույտ տվող սկյուռի պես, չեն էլ մտահոգվում, որ իրականում ոչ միայն առաջ չեն գնում, այլև ամեն վայրկյան իրենց նկարագիրը ամբողջացնում են ձանձրույթի ու ճահճացումի նորանոր խորհրդանշաններով:

Եվ հանկարծ հայտնվում է այս գաղջ թանձրուկը տակնուվրա անողը՝ «ռևիզորը»:

Պարոնյանական թատրոնի նոր բեմադրության մեջ ռևիզորի իրական կամ ոչ իրական լինելը հարցի գլխավոր կողմը չէ: Էականը, թերևս, այն հարցադրումն է, թե որքանով է մանր ու մեծ խարդախությունների, գավառացու թմբիրի մեջ ապրող պաշտոնյան պատրաստ ապաշխարելու իր սխալների համար, սթափվելու իր անցյալի մեղքերից, վերագնահատելու ներկան և, գոնե, փորձ կատարելու վերականգնել իր մարդկային դիմագիծը:

Գոգոլի հայտնի պիեսի առանցքը պահպանելով, սակայն, խաղի մեջ չառնելով տեքստի մի պատկառելի հատված, շրջանցելով հեղինակային շատ տեսարաններ և, նույնիսկ երկրորդ պլանի հերոսների, Հակոբ Ղազանչյանն, ասես հանդիսատեսի մտապատկերը փորձում է ամբողջացնել միջավայր ձևավորող այնպիսի գծերով, որոնք կարող են ենթագիտակցական մակարդակում, հանկարծ, առաջացնել այդ ամենին հոգևոր ինչ որ արժեքով հակադրվելու պահանջ:

Ռեժիսորը առաջարկում է այդպիսի հոգևոր կռվանի իր տարբերակը, որը թեև. ամենևին էլ գոգոլյան գրչի ծնունդ չէ, բայց ծնվում է այսօրվա հայ հանդիսատեսի, արտիստի, մտավորականի և քաղաքացու համար՝ թե բեմում և թե բեմական անջրպետի պայմանականությունից դուրս և կոնկրետությամբ ունի նույնպիսի համամարդկային նշանակություն, ինչպիսին Նիկոլայ Գոգոլի անմահ ստեղծագործությունն է:

Դա ըստ բեմադրիչի, օրինակ, կարող է լինել 20-րդ դարի հայ բանաստեղծի հայրենիքին ուղղված սիրո խոստովանությունը.

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես...


Հեղ.՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 991 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ